«Վստահության-անվստահության խնդիր չկա ո՛չ իմ նկատմամբ, ո՛չ նախարարների, պարզապես աշխարհի բոլոր երկրներում հարկերի հավաքագրումը միայն Պետական եկամուտների կոմիտեի խնդիրը չէ»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իր նկատմամբ երկրի ղեկավարության ունեցած անվստահությո՞ւնն է պատճառը, որ նախարարներին հանձնարարվել է անձամբ հետևել իրենց ոլորտների հարկահավաքության գործընթացին:
Նա նշեց, որ հարկերի հավաքմամբ պետք է զբաղվեն կառավարության բոլոր ճյուղերն ու ստորաբաժանումները: «Հարկերը որտեղի՞ց են առաջանում՝ հաշվառումից: Եթե, ենթադրենք, որևիցե նախարարությունում հաշվառումը, ֆինանսական միջոցների տնօրինումը, բյուջեից եկած ֆինանսների հաշվառումը, հսկողությունը լավ չեն կատարվում, նշանակում է` հարկերն էլ լավ չեն հավաքվում, չէ՞:
Անվստահության խնդիր չկա, ճիշտ հակառակը՝ կառավարությունում մենք զարգացնում ենք ոչ միայն այն, որ ՊԵԿ վարչարարական մեխանիզմներով ամեն գնով հասնենք հարկերի բարձրացմանը, այլ ճիշտ հակառակը՝ մենք նախարարություններին շանս ենք տալիս, ասում ենք՝ եկեք միասին հասնենք նրան, որպեսզի մարդիկ ինքնուրույն հայտարարագրեն և ներկայացնեն հաշվարկները»,- ասաց նա:
Գագիկ Խաչատրյանն ընդգծեց, որ նրանք, ովքեր կխուսափեն հարկերից, նրանց նկատմամբ կկիրառվեն կոշտ վարչարարական միջոցներ:







































