Հոսնի Մուբարաքի տապալումից 1,5 տարի անց Եգիպտոսը կանգնել է նոր հեղափոխության շեմին: Կահիրեում բողոքի ակցիաներ են սկսվում նախագահ Մոհամեդ Մուրսիի վարած քաղաքականության և «Մուսուլման եղբայրների» շահերից բխող նոր սահմանադրության դեմ: Միաժամանակ դատախազությունը և այլ ուժային կառույցները, որոնց հետ Մուրսին սուր հակամարտության մեջ է, սկսել են հետապնդել «իսլամական եղբայրության» առաջնորդներին այդ ակցիաների ժամանակ կազմակերպված անկարգությունների համար:
Մոհամեդ Մուրսիի կողմնակիցների և նրա հակառակորդների միջև նոր բախումներն անխուսափելի են եղել անցած ուրբաթ:
Եգիպտոսցի լիբերալ-դեմոկրատները, որոնք ելույթ են ունենում երկրի մահմեդականացման դեմ, այդ օրը նոր զանգվածային ակցիաներ են պլանավորել, այդ թվում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ այս օրերին քննարկվում է նոր սահմանադրության տեքստը, ինչպես նաև նախագահական նստավայրի մոտակայքում:
Բողոքողների գլխավոր դժգոհությունն այն էր, որ Եգիպտոսի հիմնական օրենքը գրող սահմանադրական հանձնաժողովի կազմում գերակշռում են կրոնական շարժումների շահերը ներկայացնող պատգամավորները` չափավոր իսլամիստները և ծայրահեղական սալաֆիները:
Հասարակական կազմակերպությունները պնդում են, որ նոր սահմանադրությունը ոչ միայն դեկլարատիվ է, ինչպես Մուբարաքի ժամանակ, այլ նաև շարիաթի պրակտիկայի հետ ավելի է ընդգծում տղամարդկանց և կանանց անհավասարությունը:
Մոհամեդ Մուրսիին, որն ընտրություններում «Մուսուլման եղբայրների» հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել շարժումից, մեղադրում են նրա համար, որ նա հակառակ իր խոստումների՝ այդպես էլ չդարձավ համայն եգիպտոսցիների նախագահը, այլ պաշտպանում է իսլամիստների շահերը:
Եգիպտոսի դատախազությունը մյուս ուժային կառույցների հետ հակակշռում է իսլամիստներին՝ իրադարձություններն օգտագործելով «Մուսուլման եղբայրներին» հետապնդելու համար:
Ընդհանուր հետախուզության ծառայությունը, ռազմական հետախուզությունը և ՆԳՆ-ն գլխավոր դատախազի հրամանով սկսել են ստուգել «Մուսուլման եղբայրների» ղեկավարների անկարգությունների հրահրմանը մասնակցություն ունենալու վերաբերյալ հաղորդագրությունները:
Գլխավոր դատախազ Աբդելմահիդ Մահմուդին անցած շաբաթ աշխատանքից հեռացնելու փորձը ոչնչի չբերեց: Նախագահն արդեն հրամանագիր էր ստորագրել դատախազին Վատիկանում Եգիպտոսի դեսպան նշանակելու վերաբերյալ, սակայն գլխավոր դատախազը հայտարարել էր, որ նման հրամանները նախագահի իրավասության ներքո չեն: Իսկ Գերագույն դատական խորհուրդը, որը փաստացի գտնվում է Գերագույն զինված ուժերի խորհրդի ենթակայության տակ, միջնորդություն է ուղարկել նախագահին, որպեսզի գլխավոր դատախազը մնա իր պաշտոնում: Մուրսին ստիպված է եղել չեղյալ հայտարարել իր որոշումը:
Ուժային կառույցների հետ պայքարում նախագահի անզորությունը նրա հակառակորդներին ստիպում է դուրս գալ պետության և սահմանադրության համար պայքարի առաջիկա ուրբաթ:
Բացի այդ՝ իսլամիստ նախագահը, որն իր պաշտոնում անցկացրել է 100 օր, ստիպված է դիմակայել ոչ միայն դեմոկրատներին և ուժայիններին, այլ նաև նախկին համակուսակցականներին և իսլամիստ-սալաֆիներին, ովքեր նրան մեղադրում են ավելորդ լիբերալիզմի և ամերիկամետ քաղաքականության համար:









































