Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել խթանել տնտեսական աճը եվրոգոտում: Օլանդի խոսքերը հնչել են Բրյուսելում հոկտեմբերի 18-20-ը նախատեսվող Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
«Եթե մենք կյանք չտանք եվրոպական տնտեսությանը, ապա բյուջետային կարգուկանոնի միջոցները չեն օգնի»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը: Նա նաև նշել է, որ Եվրամիության երկարաժամկետ նպատակը պետք է դառնա վարկերի արժեքի մեջ գոյություն ունեցող տարբերությունների չեզոքացումը: Այդ նպատակին հասնելու համար Օլանդն առաջարկում է խթանել պահանջարկը և իջեցնել հարկերը:
«Մեր նպատակը պետք է լինի ամբողջ եվրոգոտում պարտատոմսերի գործակիցների հավասարաչափությունը: Բյուջետային միությունը պետք է ուղեկցվի պարտքի մասնակի միավորմամբ՝ եվրոպարտատոմսերի ստեղծման տեսքով»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:
Օլանդն առաջարկում է եվրոպարտատոմսեր մտցնել 2012 թ. մարտին իր պաշտոնավարությունից սկսած: Այս հարցում նրա դիրքորոշումը տարբերվում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի տեսակետից, որը հանդես է գալիս բյուջետային տնտեսման միջոցառումների շարունակման օգտին:











































