«Օգնիր եղբորդ» նախաձեռնության հումանիտար օգնությունից բաժին կհասնի նաև Դեր Զորի արաբներին: «Առաջին լրատվական»-ին այս մասին տեղեկացրեց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը՝ խոսելով օրեր առաջ Հալեպ հասած «Օգնիր եղբորդ» բարեգործական նախաձեռնության հումանիտար օգնության բաշխման գործընթացի մասին:
Ըստ Ժիրայր Ռայիսյանի՝ հալեպահայ շտապօգնության մարմնի երիտասարդ կամավորականներն արդեն ավարտում են ստացված հումանիտար օժանդակության դասդասման գործընթացը: Նրա տեղեկացմամբ՝ այսօր արդեն երիտասարդները կսկսեն համակարգված բաժանել պարենը հայերին և ոչ հայերին:
«Սիրիայի շատ շրջաններում մարդիկ դուրս են եկել իրենց բնակարաններից, հայտնվել են փողոցում կամ այլևս տուն չունեն: Օգնության ծրարներ կբաժանվեն նրանց ևս: Մտադրություն կա որոշ ծրարներ ուղարկել նաև Դեր Զոր. այն սիրիահայերի համար կարևոր նշանակություն ունի: Երբ հայ ժողովուրդն իր դժվար օրերն էր ապրում, արաբ ժողովուրդն ձեռք մեկնեց և օգնեց, ինչը մենք երբեք չպետք է մոռանանք:
Պետք է օգնենք կարիքավորներին: 1400 ծրար օգնություն է, և պետք է փորձենք ամեն կողմ էլ հասցնել հայ ժողովրդի օժանդակության ձայնը»,- մանրամասնեց Ժիրայր Ռայիսյանը՝ հավելելով, որ օգնությունը նյութական արժեքի մեջ չէ: Նա նաև տեղեկացրեց, որ օրերս գլուխը ծածկած մի արաբ կին անցնում էր այն տարածքով, որտեղ դասավորվում էր պարենը, խնդրեց մի ծրար և երիտասարդ հայ կամավորականները մեծ հաճույքով մեկ ծրարը նրան տվեցին:
Հիշեցնենք, որ երկուշաբթի երեկոյան «Օգնիր եղբորդ» սիրիահայերի աջակցության բարեգործական նախաձեռնության շուրջ 1400 արկղ՝ 15 տոննա պարենային մթերք հասցվեց Հալեպ: Նախաձեռնությունը շարունակական է լինելու՝ մինչ Սիրիայում դրությունը երկրի իշխանության և ընդդիմության միջև կարգավորվի:










































