Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ռազմական վերլուծաբանները կարծում են, որ Սիրիայում զինված հակակառավարական ընդդիմության ջոկատներում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմում է 30 հազար մարդ:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի հանձնարարությանբ օրերս հատուկ ծառայություններն ավարտել են սիրիական ընդդիմության կազմի իրական թիվը սահմանելու աշխատանքները»,- հաղորդել է եվրոպական դիվանագիտական շրջանակների աղբյուրը:
Ստացված արդյունքները ցույց են տվել, որ ապստամբների ջոկատներում հաշվվում է 30 հազար գրոհային, ընդ որում՝ նրանցից 3 հազարը «Ալ-Կաիդիա» ահաբեկչական ցանցի և դրա կառույցների կողմնակիցներն են:
Ավելի վաղ Փարիզը և Վաշինգտոնը կարծում էին, որ Սիրիայի զինված ընդդիմությունը հենված է ընդհանուր առմամբ 70 հազար թվաքանակ ունեցող ջոկատների վրա:
Ըստ իրավասու աղբյուրների՝ արաբական պետության ընդդիմության մասին նոր տեղեկությունները «Արևմուտքի առջև լուրջ խնդիրներ են դնում, քանի որ թույլ չեն տալիս հուսալ, որ ապագա վեց ամիսների ընթացքում ներկայիս կառավարության հակառակորդները կկարողանան ինքնուրույն հաղթել»։
Արևմտյան երկրներն իրենց համար ժամկետ էին սահմանել` մինչև 2013 թ. գարուն, երբ իրենց պատժամիջոցներն ու սիրիական զինված ապստամբների գործողությունները միասին կհանգեցնեն երկրում վարչակարգի փոփոխմանը: Սակայն այժմ այդ ծրագրերը հարցականի տակ են դրված:
«Իրականությունն այն է, որ նախագահ Բաշար Ասադը հաղթում է, քանի որ նրան հաջողվեց պահպանել Սիրիայի զինված ուժերի հավատարմությունը, իսկ ապստամբների թիվը հույս չի ներշնչում»,- ասել է եվրոպական դիվանագետը:
Նա նաև նշել է, որ «Սիրիայի ներկայիս իրադրության մեջ կարևոր դեր է խաղում Իրանը, որը Դամասկոսին ուղիղ ռազմական օգնություն է ցուցաբերում։







































