Լոնդոնի ոստիկանությունը Սիրիայում օտարերկրյա լրագրողի առևանգման մեջ մասնակցություն ունենալու մեղադրանք է առաջ քաշել Մեծ Բրիտանիայի 26–ամյա քաղաքացի Շաջուլ Իսլամի հանդեպ: Նա ձերբակալվել է Հիթրոու օդանավակայանում՝ Եգիպտոսից ժամանելիս։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Իսլամին մեղադրում են The Sunday Times–ի լուսանկարիչ Ջոն Քենթլիին և նիդեռլանդացի լրագրող Իերուն Ուրլեմանին առևանգելու մեջ: Վերջիններս 2012 թ. հուլիսին մեկ շաբաթ անցկացրել են գերության մեջ: Ազատ արձակվելուց հետո Քենթլին հայտարարել էր, որ գրոհայինների մեջ առնվազն 15 բրիտանացի է եղել, որոնցից մեկը խոսել է հարավլոնդոնյան շեշտադրությամբ:
Իսլամի ձերբակալումը տեղի է ունեցել այն հետաքննության շրջանակում, որն անցկացնում են բրիտանական իշխանությունները` Միացյալ Թագավորությունը նախագահ Բաշար Ասադի հակառակորդների կողմից որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու առնչությամբ:












































