Հովհաննես Թումանյանի անվան Պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը անդրադարձել է Parada ֆիլմի շուրջ բարձրացված աղմուկին: Նա ասաց, որ ֆիլմը չի ցուցադրվի թատրոնում, թեև նախապես եղել է պայմանավորվածություն:
Ռուբեն Բաբայանը դիտել է ֆիլմը, այն գեղարվեստական ֆիլմ է, իսկ այն, որ կան մարդիկ, ովքեր գեղարվեստական ֆիլմում այլ բան են տեսնում` ուրիշ բան. մեկը նատյուրմորտ է տեսնում, մյուսը` 1 կգ խնձոր, և դու չես կարող ասել, որ այդ 1 կգ խնձոր տեսնողը սուտ է խոսում:
Նա նաև հավելեց, որ այս տարիների ընթացքում ինքը միշտ փորձել է թատրոնը զերծ պահել ամեն տեսակ քարոզչությունից՝ կրոնական, կուսակցական՝ համարելով, որ թատրոնը դրա տեղը չէ:
«Ցավոք սրտի, ֆիլմի ցուցադրությունը սկսվեց շատերի կողմից պրոպագանդվել որպես միասեռականության քարոզչություն, և ցավոք սրտի, այդ ընկալումը եղավ ոչ միայն այն մարդկանց կողմից, ովքեր դեմ էին ֆիլմին, այլ նաև նրանց կողմից, ովքեր կողմ էին:
«Ֆիլմը բարձրարվեստ գեղարվեստական գործ է, 60 հոգիանոց դահլիճում պետք է ցուցադրվեր, և գնահատական տային, բայց հազարավոր մարդիկ կարծելու էին, որ թատրոնը զբաղվում էր մանկապղծությամբ, և որպեսզի այդպես չլինի, ես հանեցի ֆիլմի ցուցադրությունը»,- ասաց Ռ. Բաբայանը:
Նա նշեց, որ գիտության մեջ կա լատենտային միասեռականություն հասկացություն, որը վերաբերում է միասեռականների դեմ ամենաակտիվորեն հանդես եկող մարդկանց, ովքեր իրենց մեջ զգում են այդ հակումը, բայց մտավոր ճանապարհով փորձում են դա արգելակել:
«Խոսքը հանդուրժողականության մասին է, ոչ թե ինչ-որ բան քարոզելու: Ցավոք սրտի, այս պարագայում լատենտային միասեռականությունը որոշակի հաղթանակ տարավ»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
Անդրադառնալով «Հայկազն» միության հայտարարությանը` նա նշեց, որ այս միությունը դեմ է Հայաստանի եվրաինտեգրմանը և ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չգնա դեպի Եվրոպա: Նրանք այդ ճանապարհին ցանկացած միջոցի են դիմում, նրանց տարածած հայտարարությունը, թե` 14 երկրում ցուցադրվել է, նաև` մանկական սրճարաններում, ապատեղեկատվություն է:
««Կոնգրես» հյուրանոցում այսօր-վաղը ցուցադրելու են ֆիլմը, և թող մարդիկ գնան, դիտեն, վերջիվերջո` իրենք որոշեն՝ ինչպիսի ֆիլմ է սա»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:











































