Իտալացի հնագետներ Ջուլիո Մալին և Լուիզա Ֆերոն հայտնաբերել են, որ հին Ալեքսանդրիայի փողոցները կառուցվել են այն սկզբունքով, թե ինչ ուղղությամբ են Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան օրը` արևածագին, ճառագայթները ընկել:
Գիտնականների աշխատանքը հրապարակված է Oxford Journal of Archaeology ամսագրում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, հնագետները քաղաքը ուսումնասիրել են՝ նպատակ ունենալով պարզել Ալեքսանդր Մեծի թաղվելու վայրը:
Գիտնականները ուշադրություն դարձնելով փողոցների դասավորվածությանը` նկատել են, որ այն չի համապատասխանում առափնյա գծին:
Ընդ որում՝ քաղաքը կառուցված է գլխավոր պլանի համաձայն՝ ուղիղ պողոտաներով ու փողոցների հատման վայրում ուղիղ անկյուններով:
Հետազոտողները օգտագործել են հատուկ աստղագիտական ծրագիր և պարզել, որ Ալեքսանդրիայի կենտրոնական ճանապարհը գրեթե համընկել է արևի ծագման հետ Մակեդոնացու ծննդյան օրը՝ Ք.Ծ.Ա. 356թ. հուլիսի 20-ին` ըստ Հուլյան օրացույցի:
Արևային հաշվարկը տարածված է եղել տարբեր դարաշրջանների ճարտարապետների մոտ: Առավել տարածված են Սթունհենջն ու Գիզայի բուրգերը:
Ալեքսանդր Մակեդոնացին Ալեքսանդրիան հիմնադրել է Ք.Ծ.Ա. 331 թվականին:









































