Կոմպակտային պլանշետային համակարգչի՝ iPad mini-ի շնորհանդեսը, հնարավոր է, տեղի կունենա հոկտեմբերի 23-ին: Այս մասին հայտնում է РБК daily-ն՝ հղում կատարելով ամերիկյան ԶԼՄ-ներին: Ընկերությունը արդեն հրավերներ է ուղարկել առաջատար հրատարակությունների լրագրողներին:
Հրավիրատոմսի վրա պատկերված է սպիտակ խնձոր, իսկ ներքևում գրված է. «Մենք ձեզ համար ինչ-որ բան ևս ունենք»:
Միջոցառումը տեղի կունենա Կալիֆոռնիայի նահանգի Սան Խոսե քաղաքում:
Ինչպես ենթադրում են փորձագետները, կորպորացիան կներկայացնի պլանշետի փոքրացված տարբերակը ու կազդարարի 13-դյույմանոց MacBook Pro-ի արտադրությունը՝ բարձր հստակության Retina էկրանով:
Դիտորդները նկատել են, որ iPad mini-ն կլինի ի պատասխան մրցակիցների էժան համակարգիչների:
Այն ունի 7 դյույմանոց Retina դիսփլեյ, 512 ՄԲ օպերատիվ հիշողություն ու հագեցած է ճակատային տեսախցիկով:
Սարքի գինը տատանվում է 249-299 դոլարի սահմանագծում, ինչը շատ քիչ է թանկ Google Nexus 7 նմանատիպ պլանշետից:










































