ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում Արտակ Դավթյանի նախագահությամբ քննարկվել է «Մեծահասակների կրթության մասին», «Թատրոնի և թատերական գործունեության մասին» և «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու հարցը:
Նախագծերի համահեղինակ Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ «Մեծահասակների կրթության մասին» և «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերը, կրթության և գիտության նախարարության հետ ձեռք բերված համաձայնությամբ, կվերանայվեն և նորից կներկայացվեն համատեղ աշխատանքից հետո: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ առաջարկել է վերանայել «Թատրոնի և թատերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հեղինակի առաջարկով հանձնաժողովը որոշել է մինչև մեկ տարի ժամկետով հետաձգել նիստի օրակարգում ընդգրկված երեք նախագծերի քննարկումը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ պատգամավորները քննարկել են նաև այլ հարցեր:
Արտակ Դավթյանն առաջարկել է նոյեմբերին անցկացնել խորհրդարանական լսումներ՝ քննարկելու քաղաքացիների վրա վատ ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների հարցը: Հանձնաժողովի նախագահի առաջարկով՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի մշակած չափորոշիչների հիման վրա լսումներից հետո կմշակվի և շրջանառության մեջ կդրվի օրենսդրական նախաձեռնություն:
Արտակ Դավթյանն առաջարկել է այլ հանձնաժողովների հետ միասին, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ կազմակերպել երեխաների պաշտպանության, ներառական կրթության խնդիրներին նվիրված արտագնա նիստ, որին մասնակցելու հրավեր կուղարկվի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործընկերներին:
Հանձնաժողովի նախագահի մյուս առաջարկը վերաբերում էր հանձնաժողովի՝ Շուշիում արտագնա նիստ անցկացնելուն:
Հանձնաժողովի անդամներն ընդունել են բոլոր առաջարկները:










































