Կանաչների կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջիլ Սթայնը ձերբակալվել է Օբամայի և Ռոմնիի դեբատներին մասնակցելու փորձի արդյունքում: Ինչպես հաղորդվում է Սթայնի նախընտրական արշավի կայքում, ոստիկանությունը ձերբակալել է նաև փոխնախագահի «կանաչ» թեկնածու Չերի Հոնկալային: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Միջադեպը, որի տեսագրությունը հայտնվել է YouTube վիդեոհոսթինգում, տեղի է ունեցել երեկ՝ Նյու Յորք նահանգի Հեմփստեդ քաղաքի Հոֆստրա համալսարանի մուտքի մոտ: Այնտեղ էր կայացել նախագահի դեմոկրատ և հանրապետական թեկնածուների բանավեճերի երկրորդ փուլը:
Մուտքի մոտ հանդիպելով իր կողմնակիցներին՝ Սթայնը պահանջել է իրեն ներս թողնել այդ միջոցառմանը, որը նա անվանել է «ժողովրդավարության ծաղր»: Ոստիկանները նրան մերժել են, որից հետո Սթայնն ու Հոնկալան՝ ի նշան բողոքի, նստել են ասֆալտի վրա: Նրանց ձերբակալել են երթևեկությանը խոչընդոտելու համար:
Նախընտրական դեբատները կազմակերպում է Նախագահական դեբատների հանձնաժողովը, որը դեմոկրատներն ու հանրապետականները ստեղծել են 1987 թվականին: Որպես կանոն, դեբատներին կարող են մասնակցել միայն երկու առաջատար կուսակցությունների ներկայացուցիչները: Բացառություն է եղել 1992 թվականը, երբ Ջորջ Բուշ-ավագի և Բիլ Քլինթոնի հետ բանավեճին մասնակցել է անկախ թեկնածու Ռոս Պերրոն: Դեբատների երկկուսակցական ձևաչափը հաճախ է քննադատության առիթ դառնում տարբեր «երրորդ ուժերի» ներկայացուցիչների կողմից:










































