Ռուսաստանի դեսպանը չի ընդունել Գագիկ Ծառուկյանի հրավերը՝ մասնակցելու գինու և կոնյակի իր գործարանի տարեդարձի միջոցառմանը: Այս մասին գրում է հայրենական մամուլը: Ծառուկյանին Մոսկվան, փաստորեն, պատասխանում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման համար: Ինչպես հայտնի է, այդ հանդիպումը կայացել էր օրերս` Վարդան Օսկանյանի գործի առիթով, բայց դրա ընթացքում կողմերը քննարկել էին հարցերի լայն շրջանակ:
Կարո՞ղ էր արդյոք Գագիկ Ծառուկյանը ենթադրել, որ Ռուսաստանը կարող է ընդգծված դժգոհություն հայտնել նման հանդիպման կապակցությամբ: Իհարկե կարող էր և, թերևս, պետք է ենթադրեր: Բանն այն է, որ անգամ երեխան կենթադրեր, որ եթե Ռուսաստանի, այսպես ասած, հենարան հանդիսացող ԲՀԿ-ի ղեկավարը հանդիպում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական գլխավոր մրցակցի հետ, ուրեմն դրան անշուշտ հետևելու է Մոսկվայի դժգոհությունը:
Այստեղ, սակայն, կա մի նրբերանգ: Այդ դժգոհությունը չէր լինի, եթե Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ հանդիպումից առաջ և հետո քննարկումներ ունեցած լիներ ռուսական կողմի հետ և ստացած լիներ ռուսների հավանությունը: Այսինքն՝ այստեղ խնդիրը կարծես թե այն է, որ ԲՀԿ առաջնորդը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպել է կա՛մ առանց Ռուսաստանի որևէ ատյանի հետ քննարկելու, կա՛մ էլ հանդիպել է ի հեճուկս Ռուսաստանի արգելքի: Ըստ ամենայնի, հենց սա է ռուսական կողմի դժգոհության պատճառը:
Հնարավոր է նաև, որ Գագիկ Ծառուկյանից դժգոհ են այն բանի համար, որ նա հանդիպումից հետո ամեն ինչ չէ, որ մանրակրկիտ զեկուցել է Մոսկվային: Հետո գուցե Մոսկվան տեղեկացել է, որ Ծառուկյանը ինչ-ինչ պայմանավորվածությունների կամ քննարկումների մասին չի զեկուցել, և այդպես է հայտնել իր դժգոհությունը ԲՀԿ նախագահին:
Այս ամենի մեջ հետաքրքրականը, իհարկե, ոչ այնքան Մոսկվայի դժգոհությունն է, որքան Գագիկ Ծառուկյանի, այսպես ասած, ինքնուրույնության նախանշանները: Փաստորեն, Ծառուկյանը համարձակություն է ունեցել ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման առումով ունենալ որոշակի ինքնուրույնություն, դրսևորել այդ ինքնուրույնությունը: Չի բացառվում նաև, որ նա այդպիսով բավական թափանցիկ կերպով ակնարկում է Միացյալ Նահանգներին, որ իր ռուսահպատակության մասին կարծիքներն ու գնահատականները չափազանցված են, և ինքը պատրաստ է բավական պրագմատիկ քաղաքական կեցվածքի, եթե լինեն այդպիսի առաջարկներ: Բոլոր դեպքերում, այս ամենի պատկերն առավել հստակ կարող է լինել առաջիկայում, երբ ԲՀԿ-ն որևէ ժեստով կարձագանքի ռուսների դժգոհությանը:
Ներկայումս ԲՀԿ-ի կամ մասնավորապես Ծառուկյանի համար բավական էական պահ է, երբ նրա հնարավոր ինքնուրույնությունը և քաղաքական հավանական պրագմատիզմը ենթարկվում է քննության:









































