ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ եվրոպական Eutelsat ընկերությունը և բրիտանական Arqiva արբանյակային կապի օպերատորն այսօր դադարեցրել են իրենց վերահսկողության ներքո գտնվող հեռահաղորդակցային արբանյակներով իրանական հեռուստակայանների ազդանշանի արձակումը:
Համապատասխան որոշումը կայացվել է այն բանից հետո, ինչ ԵՄ-ը հոկտեմբերի 15-ին հավանության արժանացրեց Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթը: Eutelsat-ը և Arqiva-ն պայմանավորվել են Hot Bird արբանյակով դադարեցնել Իրանի պետական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիային (IRIB) պատկանող հեռուստաալիքների (Sahar1) ազդանշանները: Eutelsat-ի տարածած հայտարարությունում ասվում է, որ IRIB-ն իրազեկված է եղել նրա հետ կնքված պայմանագրի չեղյալ հայտարարման մասին:
Նշվում է, որ Eutelsat-ն օժտված է 29 գեոստացիոնար արբանյակներով, որոնք երկրագնդի բնակչության 2/3-ին ապահովում են ծածկույթ: Eutelsat ընկերությունը արբանյակային կապի օպերատորների թվում Եվրոպայի առաջատարն է, իսկ աշխարհի մասշտաբով՝ երրորդը:









































