«Սթար» սուպերմարկետների ցանցի սեփականատեր «Uթար Դիվայդ» ընկերությունը չի հստակեցնում, թե Մաշտոցի 15/135 հասցեում գործող իր մասնաճյուղի քանի աշխատակից է ազատվել աշխատանքից: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին` ի՞նչ ընթացք է տրվել Մաշտոց 15-ի «Սթար»-ի գործին, և քանի՞ հոգի են ազատվել աշխատանքից, «Սթար»-ից պատասխանել են. «Տվյալ խանութի միջին օղակի 2 ղեկավարները ստանձնեցին պատասխանատվություն և հեռացան ընկերությունից` նրանց հետ նաև խանութի անձնակազմի մեծ մասը: Խանութն այս պահին լիովին գործում է, և մենք շուտով կավարտենք նոր թիմի համալրման գործընթացը»:
«Սթարից» տեղեկացրել են նաև, որ խանութում հայտնաբերված պակասորդի առնչությամբ իրենք չեն պատրաստվում դիմել իրավապահներին: «Մեր ընկերությունն իրեն իրավունք է վերապահել լուծելու խնդիրը ներքին կարգով»,- նշված է «Սթար»-ից «ՀԺ» թղթակցին տրված պատասխանում: Ի դեպ, ըստ նույն պատասխանի, ազատված աշխատակիցներին վճարվել են նրանց աշխատավարձը և վերջնահաշվարկը:










































