ԱՄՆ ներկայիս նախագահ և դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Բարաք Օբմաան մրցակցին` հանրապետական Միթ Ռոմնիին, մեղադրել է, որ նա պաշտպանում է նավթային ընկերությունների, ոչ թե հասարակ ամերիկացիների շահերը,- հայտնում է РИА Новости-ն:
Նախընտրական բանավեճի երկրորդ փուլը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան Նյու Յորք նահանգի Հեմփսթեդ քաղաքում: Բանավեճի գլխավոր թեմաները եղել են ԱՄՆ էներգետիկ անկախությունը, գործազրկությունը, հարկերի գանձումը, բյուջետային դեֆիցիտը և կանանց իրավունքները:
Օբաման նշել է, որ Ռոմնին ամերիկյան տնտեսությունն ու էներգետիկ անկախությունը վերականգնելու հիանալի ծրագիր ունի, սակայն այդ նախագիծն էներգաընկերություններին լծակներ կտա կարգավորելու էներգետիկ քաղաքականությունը:
Նրա խոսքով` Ռոմնիի ծրագիրը հենվում է նավթի և գազի վրա և չի նախատեսում էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրների զարգացում:
Հանրապետականները բազմիցս Օբամային քննադատել են, որ փորձում է ներդրումներ գրավել, այդ թվում` պետական, էներգիայի նոր աղբյուրների զարգացման նպատակով: Նրանք համարում են, որ այդ ներդրումներն արդյունավետ չեն և մոտակա հեռանկարում չեն լուծում ԱՄՆ էներգետիկ անկախության խնդիրը: Ռոմնին առաջարկում է մեծացնել նավթի արդյունահանման ծավալները:
Նա հայտարարել է, որ իր ծրագիրը 5 տարում կվերականգնի ԱՄՆ էներգետիկ անկախությունն ու աշխատատեղեր, արտաքին առևտրի ծավալի աճ կապահովի, կվերականգնի բյուջետային հավասարակշռությունը:










































