«Սոցիալական բնագավառի բարեփոխումների ոլորտում մեծ աշխատանք կատարվեց: Իշխանություններն իրենք նախաձեռնեցին և բացահայտեցին այն չարաշահումները, որ առկա են այդ ոլորտում, և բավականին մեծ գումարներ, կարելի է ասել, փրկվեցին, որովհետև բյուջեն իսկապես հավաքվում է բավականին մեծ դժվարությամբ, բոլոր բնագավառներում ծախսումների ավելի ու ավելի մեծ պահանջարկ են ներկայացնում, և այդ ոլորտում հայտնաբերված թերությունները հնարավորություն տվեցին ավելի արդյունավետ իրականացնել ծախսերը: Միայն դրանով են պայմանավորված այն փոփոխությունները, որ Դուք ի նկատի ունեք»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ 2013թ. բյուջեի նախագծով սոցիալական ոլորտի ֆինանսավորումը կրճատվելու է, իսկ պետական կառավարման համակարգին հատկացվելիք միջոցները զգալիորեն ավելանալու են:
Մինասյանը հավաստիացրեց, թե որևէ պակասեցում որևէ կենսաթոշակառուի կամ այլ բնագավառում այդ ոլորտից սնվող ծախսերի չկա, ճիշտ հակառակը՝ կա ավելացում, մասնավորապես` զինծառայողների և նրանց ընտանիքների սոցապահովության խնդիրները, որտեղ յուրաքանչյուրին շուրջ 5 հազար դրամ ավելի շատ գումար է նախատեսված հաջորդ տարվա համար: Այսինքն, ըստ Մինասյանի, այստեղ բարելավում կա երկու առումով՝ բոլոր գումարները կծախսվեն արդյունավետ, չի լինի պետբյուջեի միջոցների փոշիացում, և որոշակի ավելացումներ կլինեն որոշակի հոդվածներում:
«Առաջին լրատվական»-ի հարցին` չե՞ք գտնում արդյոք, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է` հաշվի առնելով նաև այն, որ հաջորդ տարի այդ համակարգում հաստիքները 222-ով ավելանալու են, Գ. Մինասյանը պատասխանեց. «Այդ խնդիրը բոլոր պետությունների, բոլոր ժամանակների խնդիրն է: Նպատակը օպտիմալ համակարգ ապահովելն է, որը կարող է իրականացնել տվյալ ժամանակահատվածում երկրի առջև ծառացած խնդիրները: Պարբերաբար կառավարությունն իրականացնում է օպտիմալացման խնդիրներ, կրճատումներ են իրականացվում տարբեր գերատեսչություններում, բայց միաժամանակ նոր խնդիրներ են ծագում, նոր կառույցների անհրաժեշտություն է առաջանում, որոնք, բնականաբար, բերում են նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտության:
Սա դինամիկ պրոցես է, և 2 գործընթացները գնում են զուգահեռ: Մի կողմից` օպտիմալացման խնդիրները բերում են աշխատակազմի հերթական կրճատումների, որպեսզի այն խնդիրները, որոնք լուծված են, դրանց համար պետական ծառայողներ չլինեն, սակայն մյուս կողմից` նոր խնդիրներ են առաջանում և պահանջոմ են նոր ծառայողներ: Պետական ապարատի պահպանման համար նախատեսված ծախսերը խիստ սանդղակավորված են, որևէ արտառոց բան այդտեղ լինել չի կարող, կան դասակարգեր, և դրանց համապատասխան` պետծառայողները ստանում են իրենց աշխատավարձերը»:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































