Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջան այցելած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ելույթ է ունեցել Բաքվում ընթացող Տնտեսական համագործակցության կազմակերպության 12-րդ գագաթնաժողովում: Իր ելույթում Ահմադինեժադն ընդգծել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներն ունեն մեծ պոտենցիալ՝ իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար.
«Միավորելով ջանքերը՝ մենք կարող ենք փոխել իրավիճակն աշխարհում, ժողովուրդների համար ապահովել խաղաղություն ու բարեկեցություն: Կապերի զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, ֆինանսական, տրանսպորտային, բանկային ու մաքսային ոլորտներում»:
Նշվում է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունն անցել է Ադրբեջանին:









































