Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ բրիտանական «Հաշտության պաշարներ»կազմակերպության կովկասյան ծրագրերի մենեջեր Լոուրենս Բրոերսն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ներկայումս Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առումով ձևավորվել է վերջին 5 տարիների ամենավատթար իրավիճակը: Դրան, մասնավորապես, նպաստել է կացնով գիշերային մարդասպան Ռամիլ Սաֆարովին առնչվող՝ ոչ վաղ անցյալի պատմությունը, որն իրական ցնցում դարձավ խաղաղության գործընթացի համար:
Այդօրինակ գործողությունները չեն նպաստում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և միայն յուղ են լցնում կրակի վրա: Գործընթացն անհրաժեշտ ուղղությամբ մղելու համար առաջին հերթին պետք է հաստատել հասարակական երկխոսություն: Գոյություն ունի հակամարտություն, և միամիտ կլինի կարծել, թե այն կարող է լուծվել կարճ ժամանակահատվածում:
Սակայն, մյուս կողմից էլ, դա չի նշանակում, որ պետք չէ որևէ բան ձեռնարկել այդ ուղղությամբ, ընդհակառակը՝ պետք է ինչ-որ բանից սկսել: Եվ այդ ինչ-որ բանն ուղիղ շփումներն են, միմյանց ընդառաջելուն ուղղված փոքր, սակայն ճիշտ քայլերը: Իրականում Ադրբեջանում գոյություն ունի մարդկանց որոշակի շերտ, որը չի ընդունում վերևներից պարտադրված հայատյացության գաղափարախոսությունը:
Դա, մասնավորապես, վերաբերում է հասարակական գործիչներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին, բլոգերներին, ինչպես նաև արտասահմանաբնակ ադրբեջանցիներին: Այդ անձինք հանդես են գալիս հասարակական երկխոսություն սկսելու և ոչ թե գոյություն ունեցող թշնամանքն էլ ավելի սրելու օգտին:
Ոչ մի պատերազմ չի կարող հավերժ տևել, և վաղ թե ուշ երկու կողմի դերակատարներն էլ պետք է հասկանան, որ ստեղծված իրավիճակում նրանք միայն կորուստներ են կրում՝ ոչինչ ձեռք չբերելով: Եթե տարածաշրջանում բռնկվի նոր պատերազմ, ապա այն առաջին հերթին կզրոյացնի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրված բոլոր ջանքերը, և երկրորդ՝ «վերջ կդնի» երկու կողմին էլ: Պետք է անել ամեն ինչ, որպեսզի հակամարտող կողմերը գիտակցեն դա:
Բանակցային գործընթացը կարիք ունի մեծ լեգիտիմության, այն պետք է ընթանա բաց և թափանցիկ, մինչդեռ ներկայումս հակառակ պատկերն է: Բանակցային սեղանի շուրջ լուծվում են շատ կարևոր հարցեր, որոնք անմիջականորեն վերաբերում են երկու երկրների հասարակություններին: Ու թեև քաղաքական գործիչներն ընտրված են նրա համար, որ ներկայացնեն իրենց ժողովրդի շահերը, ամեն դեպքում, բուն գործընթացը պետք է հասանելի լինի հասարակության համար:
Դրա հետ մեկտեղ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցումը չպետք է լինի միայն քաղաքական առումով, այստեղ խոսքը հասարակությունների հաշտեցման մասին է: Դրա համար էլ, ընդհանուր առմամբ, գործընթացը շատ բազմակողմ է և պահանջում է համալիր մոտեցում»:










































