Նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեն կամ Հայ Դատի հանձնախումբը այսօր հայտարարել է, որ ո՛չ նախագահ Օբաման, ո՛չ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին չեն ստացել Ամերիկայի հայկական համայնքի պաշտոնական աջակցությունը: Այս մասին հայտնում է Asbarez-ը:
«Ո՛չ Բարաք Օբաման, որը մեջք թեքեց ամերիկահայերին առնչվող հարցերի վերաբերյալ իր բազմաթիվ խոստումներից, ո՛չ Միթ Ռոմնին, որը որպես Մասաչուսեթսի նախկին նահանգապետ, մեր համայնքի` հատուկ մտահոգության արժանի հարցերի մասին որևէ հրապարակավ անդրադարձ չի արել, չեն ստացել ամերիկահայ ընտրողների աջակցությունը»,- ասել է Հայ դատի հանձնախմբի ղեկավար Քեն Հաչիկյանը:
«Ամերիկահայերի հարցերով մեր երկրի դաշնային քաղաքականությունը, ցավոք, պատանդ է մնում Անկարայի և Բաքվի պաշտոնյաների թելադրանքներին: Չնայած մենք նախկինի պես բաց ենք երկու թեկնածուների հետ էլ կառուցողական փոխգործակցության համար, այս անգամ պլաններ չունենք հավանութուն տալու թեկնածուներից որևէ մեկին »,- ասված է հայտարարությունում:
2008 թվականին իշխանության եկած Բարաք Օբաման ստացել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի աջակցությունը` տալով բամաթիվ խոստումներ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, սակայն ամեն անգամ ապրիլի 24-ի ելույթում շրջանցել էր եզրույթի արտասանումը:
Մինչ օրս Օբաման և Ռոմնին չեն պատասխանել հանձնախմբի կրկնվող գրավոր հարցումներին, որով նրանց հրավիրում էին՝ հանդիպելու ամերիկահայ առաջնորդների հետ և հրապարակայնորեն խոսելու քաղաքականապես ակտիվ ընտրազանգվածին առնչվող խնդիրների մասին:
Անցած շաբաթ երկու խոշոր` հունական և հայկական իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ում 5 մլն քաղաքացիների շահերը, համատեղ կոչ են արել Բարաք Օբամային և Միթ Ռոմնիին վերջ տալու հայկական և հունական հարցերի շուրջ իրենց լռությանը և խոսելու այդ հարցերի շուրջ իրենց հայացքների մասին:










































