ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը երեկ`ասուլիսի ժամանակ, ուշագրավ հայտարարություն է արել. «Անկախ գոմեշի մսի պատմությունից, մանավանդ այն տղաները, որոնք ծառայել են, լավ գիտեն, որ 90-ականների և 2000-ականների սկզբի համեմատ բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են»:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ նա միանգամայն ճիշտ է իր պնդումներում: Ժամանակին զինված ուժերում սննդի որակը վատ է եղել ու դա հայտնի է ամենքին: Ուստի արժե հիշել, թե ովքեր են այդ ժամանակ ղեկավարել ՀՀ պաշտպանության նախարարությունը, և ովքեր են մեղավոր, որ մեր զինվորները գոմեշի մսից ավելի վատ բաներ են կերել: 1991-1992թթ. նախարար է եղել սպարապետ Վազգեն Սարգսյանը, այնուհետև 1 տարով`Վազգեն Մանուկյանը, 1992-1993-ին`Նորատ Տեր-Գրիգորյանցը (ԺՊ), 1993-1995-ին`Սերժ Սարգսյանը, 1995-1999-ին` Վազգեն Սարգսյանը, ապա` 1 տարով Վաղարշակ Հարությունյանը ու ևս 7 տարի`2000-2007թթ., կրկին Սերժ Սարգսյանը: Փաստորեն, ՀՀ ՊՆ խոսնակն առանց անուն տալու, բայց ուղղակի մեղադրանքներ է հնչեցնում հատկապես Սերժ Սարգսյանի հասցեին, քանի որ ամենաերկարը հենց նա է պաշտոնավարել`10 տարի: Խոստովանենք, այս անկեղծությունն ու համարձակությունն արժանի են գովեստի: Ու եթե ժամանակին գործը «գլխից բռնեին», այսօր Ս. Սարգսյանը նախագահի աթոռին նստած չէր լինի:







































