Այսօր եվրոպական երկու երկրում` Լիտվայում և Չեռնոգորիայում, խորհրդարանական ընտրություններ են:
Լիտվայի բնակիչներն այսօր կընտրեն սեյմի պատգամավորներին: 141 աթոռի համար պայքարում է 1927 մարդ: Պատգամավորների ընտրության և Լիտվայում նոր ատոմային էլեկտրակայանի շինարարության վերաբերյալ հանրաքվեի անցկացման համար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 7:00-ին: Լիտվայի 71 ընտրատարածքներում 2000 ընտրատեղամաս է բացվել:
Հանրապետությունում գործում է խառը ընտրական համակարգը: 71 պատգամավոր ընտրվում է մեծամասնական ընտրակարգով, իսկ 70-ը` կուսակցական ցուցակներով: Այդ իսկ պատճառով մեծամասնական թեկնածուների հաշվին հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ:
Լիտվայում ընտրություններին մասնակցում է 27 կուսակցություն, որից միայն 17-ը և կոալիցիայի կազմի մեջ մտնող 4 կուսակցություն ընտրությունների են գնում կուսակցական ցուցակներով, մյուսներն իրենց թեկնածուներին առաջադրում են մեծամասնական ընտրակարգով:
Խորհրդարան մուտք գործելու համար կուսակցությունները պետք է հաղթահարեն 5, իսկ դաշինքը` 7 տոկոսի շեմը:
Լիտվայում գրանցված է 2 մլն 579 հազար 466 ընտրող:
Այսօր խորհրդարանական ընտրություններ են նաև Չեռնոգորիայում: Սա երրորդ ընտրությունն է 2006 թ. անկախացումից հետո:
Քվեարկությանը կարող է մասնակցել 514 հազար մարդ: 81 պատգամավոր ունեցող խորհրդարանի մանդատին հավակնում է 7 դաշինք, 5 կուսակցություն և մեկ քաղաքացիական խումբ: Նախընտրական հարցումների համաձայն` իշխող ուժերի «Եվրոպական Չեռնոգորիա» կոալիցիան` երկրի նախկին նախագահ և ներկայիս վարչապետ Միլո Ջուկանովիչի գլխավորությամբ, կարող է հավաքել ձայների 47 տոկոսը:
Խորհրդարանում հայտնվելու անհրաժեշտ շեմը 3 տոկոսն է: Ընտրություններն արտահերթ են, քանի որ երկրի խորհրդարանը հուլիսի 26-ին հայտարարել է ինքնալուծարման մասին` հնարավորինս շուտ կառավարություն կազմելու նպատակով, որպեսզի լիարժեք կենտրոնանա ԵՄ անդամակցության համար բանակցություների վրա: Խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին 2013-ի մարտի վերջին:
Այսօր Բելգիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընտրություններին, որոնք անցկացվում են կուսակցական ցուցակներով 589 համայնքներում և քաղաքներում, մասնակցում են 11 հիմնական քաղաքական կուսակցություններ: Առաջին բանը, որ միանգամից աչքի է զարնում, այն է, որ դաշնային կառավարության 19 նախարարներից 17-ը, այդ թվում` վարչապետը, իրենց թեկնածությունն են առաջադրել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում` չնայած բելգիական օրենքը 2001 թվականից արգելում է դաշնային և տեղական պաշտոնների համատեղումը:










































