Սիրիայի կառավարությունը սկսել է ավելի հաճախ կասետային ռումբեր օգտագործել խաղաղ բնակիչների դեմ` հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես հաստատում են կազմակերպությունում, դատելով համացանցում հայտնված տեսանյութերից` անցած շաբաթ երկրի ռազմաօդային ուժերը կասետային ռումբերի կիրառմամբ առնվազն 20 ավիահարված են հասցրել: Ընդ որում` վերջին 6 ամսում հայտնվել է 3 նման տեսագրություն:
HRW-ի տվյալներով` տեսանյութերը վկայում են, որ կառավարական ուժերը կիրառում են խորհրդային արտադրության РБК 250/275 և РБК 500 կասետային ռումբեր:
Սիրիան չի ստորագրել կասետային ռումբերի արտադրության և օգտագործման մասին արգելքի միջազգային կոնվենցիան:
Յուրաքանչյուր կասետային արկ պարունակում է ավելի քան 40 փոքր ռումբ: Դրանք ոչ բոլորն են պայթում հարվածի ժամանակ, ինչի հետևանքով երկար տարիներ հետո կարող են հանգեցնել մարդկային կորուստների ու վնասների:










































