Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի կենտրոնական պաշտպան Պեպեն, մեկնաբանելով Ռուսաստանի հավաքականից կրած պարտությունը, նշել է, որ իր հավաքականն ավելի լավ հանդիպում է անցկացրել, քան ռուսները:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2014 թվականի առաջնության նախընտրական փուլի շրջանակներում Ռուսաստանի հավաքականին հաջողվեց 6-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ կամային հաղթանակ տանել պորտուգալացիների նկատմամբ:
«Խաղադաշտում Պորտուգալիայի հավաքականն ավելի լավն էր: Այս մասին վկայում են մեր ստեղծած հնարավորությունները: Ռուսաստանի հավաքականին բախտն էր ուղեկցում. նրանց հաջողվեց հենց խաղասկզբում գոլի հեղինակ դառնալ: Այդ դրվագում ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ, և մենք անակնկալի եկանք: Դա մեր սխալն էր, իսկ մրցակիցը կարողացավ օգտագործել այն: Սակայն ամեն ինչ դեռ առջևում է: Մենք պետք է շարունակենք աշխատել ու ամեն ինչ անել՝ մեր նպատակներին հասնելու համար»,- ասել է Պեպեն:








































