Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի հակառակորդները մտադիր են շարունակել բողոքի ակցիաները Կահիրեի Թահրիր հրապարակում: РИА Новости-ի փոխանցմամբ` տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ ընդդիմադիրները պատրաստ են հասնել նրան, որ լուծարվի երկրի հիմնական փաստաթղթի հեղինակը` Սահմանադրական հանձնաժողովը:
Բախումները Կահիրեի կենտրոնում տեղի են ունեցել ուրբաթ օրը` Մուրսիի կողմնակիցների և քաղաքական հակառակորդների միջև: Անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 120 մարդ: Իրավիճակը կարգավորվել է միայն այն բանից հետո, երբ Թահրիր հրապարակից հեռացել են ներկայիս նախագահի մի քանի հազար կողմնակիցներ: Այնուհետև հրապարակը զբաղեցրել են տարբեր երիտասարդական ժողովրդավարական շարժումների ներկայացուցիչները:
Մուրսիի հակառակորդները հայտարարել են, որ մտադիր չեն թողնել «իսլամիստներից խլած դիրքերը» և պատրաստ են պայքարել` ընդհուպ մինչև Սահմանադրական հանձնաժողովի լուծարումը, քանի որ այն, նրանց խոսքով, գտնվում է «Ազատություն և արդարություն» կուսակցության ` «Մուսուլման եղբայրներ» քաղաքական կազմակերպության ազդեցության ներքո:
Բախումները սկսվել են ուրբաթ օրվա ավանդական աղոթքից հետո, երբ նախագահի կողմնակիցները խոչընդոտել են ժողովրդավարական կուսակցությունների կազմակերպած` «Այլ հաշվարկ» համազգային ակցիայի անցկացմանը: Խորհրդանշական դարձած Թահրիր հրապարակ եկած լիբերալները դժգոհություն են հայտնել Մուրսիի քաղաքականությունից, որը, իրենց կարծիքով, չի իրականացրել իր նախընտրական խոստումները` բարելավել իրավիճակը Եգիպտոսում արդեն կառավարման առաջին իսկ 100 օրերի ընթացքում:
Ուրբաթ օրը պատրաստվել են ցույց կազմակերպել նաև «Մուսուլման եղբայրները»` բողոքելով «պայքար ուղտերի վրա»-ի կազմակերպիչներին ներում շնորհելու դեմ: Իսլամիստների կարծիքով` դա անարգում է «հեղափոխության ժամանակ զոհված հերոսների հիշատակը»: Չորեքշաբթի Կահիրեի դատարանն արդարացրել է նախկին նախագահ Մուբարաքի վարչակարգի մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք մեղադրվում էին «պայքար ուղտերի վրա» կոչվող գործով: 2011-ի փետրվարին Մուբարաքի զինակիցները կազմակերպել են ուղտերի և ձիերի վրա նստած մի քանի տասնյակ ուղտավորի հարձակում Թահրիր հրապարակի մոտ խաղաղ ցուցարարների վրա: Մի քանի մարդ էր տուժել:
«Մուսուլման եղբայրները» պահանջում են վերանայել Եգիպտոսի հեղափոխության հետ կապված` արդեն ընդունված բոլոր որոշումները և կարգ հաստատել երկրի դատական մարմիններում:











































