Հայաստանի առաջնության առաջատար «Միկա»-ի գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը այսօր Հայաստան-Իտալիա խաղից առաջ զրույց է ունեցել 1in.am Sport-ի թղթակցի հետ ու իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ:
-Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար: Ինչպես գիտեք, այսօր Երևանում Հայաստանի հավաքականը կընդունի Իտալիայի ընտրանուն: Ի՞նչ կանխազգացում ունեք այս խաղից, ի՞նչ եք կարծում այդ խաղի վերաբերյալ:
-Իտալիայի հավաքականը շատ բարդ մրցակից է, նրանց կազմում կան անհատապես լավ պատրաստված խաղացողներ: Օրինակ՝ Բալոտելին, ով հանդես է գալիս Անգլիայի առաջնությունում ու շատ վտանգավոր խաղացող է: Չգիտեմ՝ կստացվի նրա խաղը, թե ոչ, բայց նա շատ վտանգավոր է: Բացի այդ կենտրոնում խաղում է Պիրլոն, ով փորձելու է խաղին տեմպ հաղորդել:
–Կարո՞ղ եք մեկ բառով բնութագրել Իտալիայի հավաքականին:
-Դժվար է մեկ բառով բնութագրել: Ինձ դուր է գալիս իտալական ֆուտբոլն ու Իտալիան, բայց Իտալիան այնքան վտանգավոր չէ, ինչքան, ասենք, Իսպանիան: Նրանց կազմում կան շատ փորձառու խաղացողներ, բայց Իտալիան նույնպես երբեմն վատ հանդիպումներ է անցկացնում, այնպես որ այսօր էլ նրանց մոտ կարող է խաղը չստացվել, իսկ Հայաստանի հավաքականը խաղալու է առավելագույն ուժով ու կփորձի օգտագործել Հենրիխ Մխիթարյանին, ով կփորձի առաջ տանել թիմին: Կարծում եմ՝ Հայաստանը այս խաղում լավ արդյունքի կարող է հասնել:
-Ինչպես գիտեք, Հայաստանի հավաքականն ունի կորուստներ ի դեմս Լևոն Հայրապետյանի, ով վնասվածք է ստացել, Սարգիս Հովսեփյանն է ավարտել մարզական կարիերան, Գևորգ Ղազարյանի ու Մարկոսը կարմիր քարտերի պատճառով չեն խաղա…
-Սա ֆուտբոլ է: Այո՛, կարմիր քարտեր են եղել, բայց Հայաստանի հավաքականի խաղը ավելի շատ կառուցված է թիմային գործողությունների վրա, այլ ոչ թե անհատների, բացի այդ կան երկու-երեք շատ ուժեղ խաղացողներ ի դեմս Հենրիխ Մխիթարյանի, Յուրա Մովսիսյանի, դարպասապահ Ռոման Բերեզովսկու: Սրանք այն երեք խաղացողներն են, որ կարող են իրենց հետևից տանել թիմին: Մեզ մոտ չկան այնպիսի անհատներ, ինչպիսիք կան Իտալիայի կազմում, բայց Հայաստանը միասնական է խաղում, իսկ գլխավոր ուժը թիմն է:
–Իսկ ի՞նչ եք կարծում Սարգիս Հովսեփյանի՝ կարիերան ավարտելու որոշման մասին:
-Սարգիսը շատ բան է տվել հայկական ֆուտբոլին, բայց ես իմ անձնական փորձից գիտեմ, որ մի պահ է գալիս, երբ պետք է շնորհակալություն հայտնես բոլորին ու հեռանաս: Սարգիսը լավ էր տրամադրված, բայց, երևի, արագությունն ու ինքնազգացողությունը այլևս այն չէին: Նա երկար տարիներ նվիրել է պրոֆեսիոնալ ֆուտբոլին: Բայց ժամանակը կանգնեցնել հնարավոր չէ: Պետք է հարգել նման խաղացողներին: Եկել էր ժամանակը հեռանալ, ու ես իմ փորձից գիտեմ, որ դա այդքան էլ հեշտ որոշում չէր, բայց նա հեռացավ 39 տարեկանում, երբ ուղեղը աշխատում է, բայց ֆիզիկական հնարավորությունները այլևս նախկինը չեն:
–Նախորդ խաղում Վարդան Մինասյանը հավաքական էր հրավիրել Ձեր սանին՝ Ալեքսին: Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ նա հարմարվել Հայաստանի հավաքականի խաղին:
-Կարծում եմ՝ Ալեքսը լավ խաղացող է, դրա համար էլ առաջարկել եմ հավաքական հրավիրել նրան: Նա արդեն օտարերկրացի չի համարվում, քանի որ 6 տարի է, ինչ Հայաստանում է, ու այդ ընթացքում Ալեքսը հասցրել է հասկանալ հայկական մշակույթն ու հայերի էությունը, ինչը շատ կարևոր է: «Միկա»-ում Ալեքսը միշտ առավելագույն ուժով է հանդես գալիս: Վարդան Մինասյանը, հրավիրելով խաղացողներին, կարծում եմ, ունի հստակ տակտիկա:
–Դիտելու՞ եք խաղը ու որտե՞ղ:
-Ես խաղը դիտելու եմ մարզադաշտից: Շատ եմ հետաքրքրվում այս խաղով, ու չեմ ցանկանում հեռուստացույցով դիտել, լինելու եմ «Հրազդան»-ում:
–Ինչպիսի՞ հաշվով կավարտվի խաղը:
-Կարծում եմ՝ 0-0, կամ 1-0 հաշվով կհաղթի Հայաստանը:








































