Անկարայում իջեցված սիրիական Аirbus А320 ինքնաթիռի ստուգումը, որում իբր եղել է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանք, կարող է լինել Թուրքիայի տեղեկատվական պատերազմի մասը: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների գաղտնի աղբյուրը:
«Եթե սիրիական քաղաքացիական օդանավում ուղղակի ռազմական նշանակության բեռ լիներ, թուրքական կողմը վաղուց դա տրամադրած կլիներ լրագրողներին: Ամեն դեպքում, այն առավոտից երեկո կցուցադրեին բոլոր թուրքական հեռուստաալիքներով: Եթե դա տեղի չի ունենում, ապա Սիրիային քաղաքացիական ինքնաթիռներով ռուսական զենք մատակարարելու խնդիրը տեղեկատվական խայծ է»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքերով՝ օդանավում կարող էր լինել էլեկտրոնային տեխնիկա, GPS-նավիգատորներ, որոնք կարող են օգտագործվել տարբեր, այդ թվում՝ ռազմական նպատակների համար: «Այժմ ցանկացած էլեկտրոնային սարք կարելի է անվանել երկակի նշանակության արտադրանք»,- նշել է նա:
Աղբյուրի խոսքերով՝ այն, որ Թուրքիայի վարչապետը սկզբում խոսում էր ինչ-որ մասերի մասին, իսկ հետո՝ զինամթերքի, վկայում է այն մասին, որ կա՛մ նա դուրս է տեղեկատվական հոսքից, կա՛մ թուրքական հատուկ ծառայութոյւնները խաբում են նրան: Կամ էլ քաղաքացիական ինքնաթիռներով Սիրիա զինամթերք տեղափոխելու լուրը անհեթեթություն է: Ընդ որում, նրա խոսքերով, այդ արշավը վարում են ԱՄՆ հատուկ ծառայությունները:










































