Հայ հասարակության համար փակ թեմաներից է եղել կուսաթաղանթների բացակայության կամ գոյության հարցը: Նախկինում հենց տղաներն էին մեծ խնդիրների առջև կանգնում, եթե իրենց ընտրյալը կույս չէր լինում, սակայն 1990-ականներից հետո այդ խնդիրը սկսեց լայնորեն լուսաբանվել, և կոնֆլիկտային իրավիճակները, կարծես, պակասեցին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք հնչեցրեց հոգեթերապևտ-սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանը:
Հոգեբանական տեսանկյունից անդրադառնալով ամուսնական առաջին գիշերը կուսաթաղանթի առկայության հարցին` նա ընդգծեց, որ հարցը թաղանթը չէ, հարցն ավելի գլոբալ է՝ աղջիկն անարա՞տ է, թե՞ ոչ, որովհետև, ըստ նրա, «անգամ ամենափորձված տղամարդն ի վիճակի չէ հասկանալ՝ կուսաթաղանթն արհեստակա՞ն է, թե՞ ոչ»:
Նա նշեց, որ մեզանում կատարվում են նաև վիրահատական միջամտություններ` կուսությունը վերականգնելու համար, իսկ արժեքը տատանվում է 10-15 հազար դրամից մինչև 300 հազարի միջև՝ նայած, թե ինչ ժամկետի համար է, և երբ է աղջիկը պատրաստվում ամուսնանալ: Սեքսապաթոլոգի խոսքով` խնդիրը բարդանում է նրանով, որ կան նաև աղջիկներ, ովքեր իսկապես «պահում են կուսությունը, սակայն ամեն ինչ էլ անում են», սակայն նկատեց, որ ցանկացած ամուսին էլ ուզում է, որ ինքը լինի իր կնոջ առաջին տղամարդը:
Ինչպես խոստովանեց բժիշկը` ցավոք, այժմ էլ կան սկեսուրներ, որոնք իրենց հարսին տանելով բժշկի մոտ՝ պահանջում են ստուգել՝ արդյոք նա իսկապե՞ս կույս է եղել, թե՞ ոչ: Սեքսապաթոլոգը սկեսուրներին խորհուրդ տվեց չմիջամտել զույգերի կյանքին` եթե երիտասարդները միմյանց սիրում են, ապա նշանակություն չունի՝ աղջիկը կո՞ւյս է, թե՞ ոչ:
Այդ փաստը, ըստ նրա, զույգերի մոտ հետագայում կոնֆլիկտների առաջացման և ի վերջո` ամուսնալուծության պատճառ կդառնա:
Ինչ վերաբերում է վերջերս մամուլով այդքան չարչրկված արհեստական կուսաթաղանթների հարցին, ապա նա հաստատեց, որ փաստն իրոք առկա է, արհեստական կուսաթաղանթներ իսկապես ներմուծվում են, սակայն տարակուսանք հայտնեց նմանատիպ դեպքերի քանակի առումով. «Ի՞նչ է, Հայաստանում կուսաթաղանթով աղջիկ չի՞ մնացել»:







































