Երեկ ուշ երեկոյան հաստատվել են այն լուրերը, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին փորձում է հեռանալ Լիբիայի ղեկավարի պաշտոնից, և դա փորձում է անել` ստանալով իր և իր ընտանիքի համար անվտանգության երաշխիքներ: Այս մասին գրել է Asharq Al-Awsat թերթը:
Al-Jazeera հեռուստաալիքը երեկ հայտնել է, որ Լիբիայի ազգային խորհուրդը, որը կազմավորվել է ընդդիմության կողմից և համարում է իրեն երկրում միակ օրինական պետական կառույցը, մերժել է Քադաֆիի այդ առաջարկը, քանի որ Քադաֆիի «հանգիստ» հեռանալը վիրավորանք կլիներ այս ռեժիմի զոհերի համար:
Հեռուստաալիքը նաև տեղեկացրել է, որ Քադաֆին իր առաջարկները փոխանցել է նախկին վարչապետ Ջադալլահ Ազուզա Ալ-Թալհիի միջոցով: Համաձայն Քադաֆիի առաջարկի, նա ցանկացել է հրավիրել Համազգային ժողովրդական կոնգրես և իշխանությունը փոխանցել այդ կոնգրեսին: Բացի այդ, Քադաֆին պահանջել է, որպեսզի ապահովվի իր անվտանգությունը և նոր իշխանությունները հրաժարվեն իրեն դատական կերպով պատասխանատվության ենթարկելուց:
Քադաֆիի և նրա ընտանիքի այս քայլերը կարող են վկայել այն մասին, որ իրականում նրանց դիրքերը բավական թուլացել են, այլապես իր մոտալուտ հաղթանակի մասին անընդհատ հայտարարող ռեժիմը չէր կարող «պարտվող» հակառակորդներին այսպիսի առաջարկ անել: Եթե սրան ավելացնենք նաև այն փաստը, որ ՄԱԿ-ի պատժամիջոցներով ոչ մի երկիր չի կարող ընդունել Քադաֆիին, նրա շրջապատին և ընտանիքի անդամներին, ապա ռեժիմի անելիքները բավականին անորոշ են թվում:









































