Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են 2012-2015 թվականների համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման պլանը, որը ստացել է «Նոր համադաշնեցում» անունը: Դա տեղի է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կատարած թուրքական այցի շրջանակներում:
Նազարբաևը երկօրյա պաշտոնական այցով երեկ է ժամանել Թուրքիա և հանդիպումներ ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի ու վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Բացի այդ, նա մասնակցել է թուրք-ղազախական բարձր մակարդակիռազմավարական համագործակցության խորհրդի առաջին նիստի աշխատանքներին:
Հենց այդ նիստի արդյունքներով է ընդունվել Համատեղ հայտարարություն, ինչպես նաև համատեղ տնտեսական ծրագրերի իրագործման պլանը: Դրա համաձայն՝ պլանավորված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 10 միլիարդ դոլարի, իսկ տարեկան ներդրումների ծավալը՝ 500 միլիոն դոլարի:
Նշվում է, որ երեկ երեկոյան Աբդուլլահ Գյուլը Նազարբաևի պատվին կազմակերպված ընթրիքի ժամանակ գնացել է Թուրքիայի համար աննախադեպ քայլի: Նա այդ ընթրիքին հրավիրել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդներ Քեմալ Քըլըչդարօղլուին և Դևլեթ Բահչելիին:











































