Ալավերդու բժշկական կենտրոնի` 2009թ սեպտեմբերի 1-ից մեկնարկած նորոգման աշխատանքները մինչև օրս շարունակվում են:
Մասնաշենքի վերանորոգման աշխատանքների առաջին փուլի համար Սոցիալական ներդրումների հիմնադրամը 108 մլն դրամ է հատկացրել: Այդ գումարով կապիտալ նորոգվեցին տանիքը, 2-րդ և 3-րդ հարկերը:
Շինարարական աշխատանքների երկրորդ փուլը անցած տարվա դեկտեմբերից է սկսվել:
Ըստ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանի` 2-րդ փուլում կնորոգվի առաջին հարկը, կփոխվեն խմելու ջրի ու կոյուղաջրերի ներքին ցանցերը, կկառուցվի լոկալ ջեռուցման համակարգ ու թթվածնային բաք:
Շինարարական աշխատանքների երկրորդ փուլի համար Սոցներդրումների հիմնադրամը տրամադրել է 98 մլն դրամ:
Երկրորդ փուլի շինարարական աշխատանքները կատարելու իրավունքը մրցույթում կրկին շահել է Վանաձորի «Կանակա» շինարարական կազմակերպությունը: Վերանորոգման աշխատանքների համար նախատեսված է 4ամիս:
«Թեպետ դրանից հետո հիվանդանոցը շահագործման չի հանձնվի, քանի որ լիովին հիմնանորոգված շենքի համար անհրաժեշտ է ձեռք բերել նաև նոր գույք և որոշակի բժշկական սարքավորումներ»,-ասում է բժշկական կենտրոնի տնօրենը:
Վերջինս ակնկալում է ,որ հիվանդանոցի մասնաշենքի վերանորոգման աշխատանքները ընթացիկ տարվա ապրիլին կավարտվեն:
Նշենք, որ նախատեսված է` Ալավերդու բժշկական կենտրոնի մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքը և շտապ օգնության ծառայությունը տեղակայել գլխավոր մասնաշենքում, որը, սակայն, վերանորոգման ծրագրում չկա:
Այժմ ընթանում են նախագծա-հաշվարկային աշխատանքները:









































