Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի` Կարեն Եսայանի սպանության կասկածանքով կալանավորված Հարություն Սարգսյանի կալանքի ժամկետն օրերս դարձյալ երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
«Ի սկզբանե կալանքը նրա նկատմամբ եղել է անհիմն, ու շարունակվում են անօրինականությունները, կալանքի երկարաձգումը: Իմ կարծիքով, ոչ մի գործողություն չի կատարվում, որպեսզի իրական հանցագործը պատժվի»,- ասաց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանը սպանվեց ապրիլի 12-ին, որից հետո ձերբակալվեց Հարություն Սարգսյանը: Թեև այդ օրերին հայտարարվեց, որ սպանությունը բացահայտված է, սակայն յոթ ամիս է` նախաքննությունը շարունակվում է:
Ի դեպ, քննչական գործողությունները կատարվում են միակողմանի, միայն հարցաքննվում ու մատնահետքեր են վերցվում Հարություն Սարգսյանի մերձավորներից: Այս կապակցությամբ Լուսինե Սահակյանը նշեց. «Քանի որ իրենք հրապարակեցին, որ բացահայտվեց հանցագործությունը, այլևս ոչինչ չեն անում, որպեսզի իրական հանցագործին բռնեն»:
Նշենք նաև, որ Հարությունի ծնողներին օրեր առաջ թույլատրվել էր տեսակցել որդու հետ, ինչը մինչ այդ արգելված էր: Հիշեցնենք, որ վերջինս Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է:










































