Այսօր` հոկտեմբերի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում, «Ֆոլցվագեն Պասսադ» մակնիշի 32 ԼՏ 704 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքից դեպի Քեթի գյուղ տանող ճանապարհին, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գյուղի տներից մեկի անասնագոմին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով անասնագոմի պատը փլվել է և ավտոմեքենան հայտնվել է գոմում: Վթարի հետևանքով անգիտակից վիճակում Գյումրիի Գյուլբենկյանի հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա Ստեփան Սալչիկովը: Վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի, 2-րդ վաշտի, 2-րդ դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Գևորգ Դավթյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը, ինչպես նաև` Ոտիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչը:
Գ. Շամշյանը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, Ս. Սալչիկովը զինվորկական է:







































