Եգիպտոսում անցած շաբաթ կառավարության հրաժարականից հետո նշանակվել են նոր նախարարներ: Առանցքային պաշտոնների են առաջադրվել Նաբիլ Ալ-Արաբին` արտաքին գործերի նախարար (մինչ այդ նա զբաղեցրել է Հաագայի միջազգային քրեական դատարանում դատավորի, ինչպես նաև ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպանի պաշտոնները): Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Մանսուր Ալ-Էսաուին, իսկ արդարադատության նախարարությունը կգլխավորի Մուհամադ Ալ-Գուինդին:
Հիշեցնենք, որ, այն բանից հետո, երբ ցուցարարների պահանջով հրաժարական ներկայացրեց Հոսնի Մուբարաքի կողմից նշանակված Ահմեդ Շաֆիքը, Եգիպտոսի անցումային կառավարության ղեկավար է նշանակվել Իսամ Շարաֆը:
Տեղեկացնենք նաև, որ, ըստ որոշ տեղեկությունների, գաղտնի ոստիկանության շենքի գրոհի ժամանակ, որի մասին «Առաջին լրատվականը» հայտնել է մարտի 6-ին, ցուցարարների ձեռքում են հայտնվել մի շարք կարևոր փաստաթղթեր, որոնք վկայում են Հոսնի Մուբարաքի վարչակազմի ապօրինությունների մասին` սպանություններից մինչև բռնաճնշումներ: