Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլին հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ Սիրիայի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել փոխնախագահ Ֆարուկ Աշ-Շարաան:
Դավութօղլուի խոսքերով՝ Աշ-Շարաան «խելացի անձնավորություն է, կարող է ղեկավարել անցումային կառավարությունն այնպես, որ խուսափեն արյունահեղությունից»:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է նաև, որ Սիրիայի փոխնախագահը չի մասնակցել քաղաքացիական պատերազմին, բացի դրանից՝ նրանից ավելի լավ սիրիական կառուցվածքները ոչ ոք չգիտի:
74-ամյա Աշ-Շարաան հարուստ աշխատանքային փորձ ունի: Ընտրելով դիվանագետի կարիերան՝ նա Սիրիայի դեսպանն է եղել Իտալիայում, զբաղեցրել է նաև փոխարտգործնախարարի պաշտոնը, իսկ Հաֆիզ Ասադի օրոք Սիրիայի արտգործնախարարն է եղել: 2006 թ., Բաշար Ասադի օրոք նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը:
2012-ին լուրեր էին տարածվել, որ Աշ-Շարաան լքել է Սիրիայի տարածքը, սակայն հետագայում դրանք հերքվեցին: