Իսրայելական MIG News-ի փոխանցմամբ՝ ամերիկացի օրենսդիրները դիտարկում են Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների ընդլայնման հարցը: Խոսքն այն միջոցների մասին է, որոնք արդեն իսկ նպաստել են իրանական ազգային արժույթի փոխարժեքի անկմանը, սակայն դեռ Իրանի ղեկավարությանը չեն դրդել սեփական միջուկային ծրագրից հրաժարվելուն:
Դեմոկրատ սենատոր, Սենատի՝ բանկային հարցերով ու միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը պլանավորել է հասնել օտար բանկերի նկատմամբ նոր տույժեր սահմանելուն, որոնք որևէ էական գործարք կկատարեն Իրանի Կենտրոնական բանկի հետ: Ներկայիս դրությամբ այդ տույժերն առնչվում են միայն նավթային գործարքներին:
Մենենդեսի խոսքերով՝ ինքն ու դեմոկրատ կոնգրեսական Հովարդ Բերմանը ուղիներ են որոնում, որոնք թույլ կտան սառեցնել արտասահմանում եղած Իրանի արժութային պաշարների մոտ 30 տոկոսը: Միջազգային պատժամիջոցների պատճառով վերջին 10 օրերին իրանական ռիալի փոխարժեքը նվազել է 1/3-ով, իսկ տարեսկզբից սկսած՝ 80 տոկոսով:
ԱՄՆ Կոնգրեսն արձակուրդ է գնում մինչև նոյեմբերի 6-ը, երբ երկրում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Այդ պատճառով էլ ամերիկացի օրենսդիրները շտապում են մինչ այդ լուծել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ընդլայնման հարցը: