«Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է և բոլոր նորարարություններն ու նոր տեխնոլոգիաները առաջին հերթին ներդրվում են հենց զբոսաշրջության ոլորտում: առաջին ամրագրման համակարգը` «hiltron» համակարգը «Hilton» հյուրանոցի կողմից, ներդրվեց 1995 թվականին, և 1999թ. դա կատարելագործվեց»,- այսօր տեղի ունեցած հայկական առցանց www.armhotels.am համակարգի շնորհանդեսի ժամանակ ասաց «Ռումեա» ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Գրիգորյանը` հավելելով, որ ՀՀ-ն բավականին հետ է մնացել այս առումով: Նրա խոսքով` այսօր գոյություն չունի որևէ հյուրանոցային ցանց, առանց ամրագրման համակարգի:
Հայկական առցանց համակարգը հնարավորություն է տալու ծանոթանալ ՀՀ և ԼՂ զբոսաշրջային առանձնահատկություններին և առցանց (ինտերնետի միջոցով) ամրագրում (գնում) կատարել հետևյալ ծառայությունների գծով` զբոսաշրջային տների առցանց ամրագրում, բնակարանների կարճատև վարձակալության ամրագրում, թանգարանների մուտքի տոմսերի առցանց ամրագրում, ավտոմեքենաների վարձույթ, ռեստորաններում տեղերի առցանց ամրագրում, մեկօրյա էքսկուրսիաների առցանց ամրագրում: