Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ծառուկյանը շուտով կվերադառնա Հայաստան, և որ նա ոչ մի խնդիր չունի Վարդան Օսկանյանի հետ: Թե ինչ նպատակներով է Հայաստանից բացակայում ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը` այն դեպքում, երբ Հայաստանի խորհրդարանում քննարկվում են հրատապ նշանակության հարցեր, անգամ իր կուսակցին անձեռնմխելիությունից զրկելու հարցը` ոչ մեկին հայտնի չէ: Գագիկ Ծառուկյանի այցերի նպատակներն ու երկրները սովորաբար գաղտնի են պահվում և, ըստ երևույթին, գաղտնի են պահվում իրականում դրանց ոչ նպատակային լինելը չբացահայտելու համար:
Մյուս կողմից` Գագիկ Ծառուկյանը ունի իր այցերը գաղտնի պահելու անհրաժեշտություն, որովհետև նրա այցերը իրականում գործարար այցեր են, այսինքն` դառնում են վկայություն այն բանի, որ Ծառուկյանը խորհրդարանի մանդատի տեր է ի հեճուկս Սահմանադրության պահանջի, այսինքն` խախտում է Սահմանադրությունը:
Իր օտարերկրյա այցերով Գագիկ Ծառուկյանը երևի թե շուտով կգերազանցի Րաֆֆի Հովհաննիսյանի պատգամավորական ռեկորդը: Մեկ էլ Հովհաննիսյանն էր, որ կլոր տարին շրջագայում էր արտասահմանում և կրկին՝ հանրության համար հիմնականում անհասկանալի նպատակներով: Ծառուկյանը շուտով կշրջանցի նրան: Սակայն Րաֆֆին գոնե գործարար չէր, նա իր բիզնեսների համար չէ, որ այցելում էր արտերկիր, այլ ընդամենը իր քաղաքական գոյության հարցերը լուծելու համար: Իսկ ահա Ծառուկյանի պարագայում ամեն ինչ այլ է:
Ծառուկյանն ԱԺ-ի, այսպես ասած, էթիկայի հանձնաժողովի քննարկման պատրաստի սուբյեկտ է, և զարմանալի է, որ մինչև այսօր հանձնաժողովում որևէ կերպ դիմում չի հայտնվել Ծառուկյանի և նրա մանդատի համատեղելիության հարցը քննարկելու համար: Եթե Վարդան Օսկանյանին խորհրդարանական մեծամասնությունը անձեռնմխելիությունից է զրկում, ապա Գագիկ Ծառուկյանին պետք է վաղուց զրկած լինեին մանդատից:
Իհարկե, պարզ է, որ մեծամասնությունը չի անի այդ բանը, քանի որ մեծամասնությունն ինքը վաղուց պետք է վայր դրած լիներ մանդատները, քանի որ կազմված է ԲՀԿ-ի նախագահի նման բիզնեսմեններից: Այնպես որ` հասկանալի է, թե ինչու Ծառուկյանի մանդատի հարցը խորհրդարանի մեծամասնությունը չի քննարկի:
Զարմանալին այն է, որ այդ հարցը չի քննարկում ընդդիմությունը: Թեև ընդդիմության պարագայում էլ արդեն զարմանալի բան չկա, բացառությամբ, իհարկե, հատուկենտ մի քանի պատգամավորի, որոնք կարող են դեմ դուրս գալ իշխանական կամ, այսպես ասած, քաղաքական համակարգի դավադիր գործարքներին թե ներքին, թե արտաքին քաղաքականության մասով:
Օրինակ` նախօրեին ընդդիմությունից բառացիորեն ընդամենը չորս պատգամավոր գտնվեց, որ դեմ արտահայտվեց ՀԱՊԿ համաձայնագրին, որով Հայաստանին արգելվում է իր տարածքում որևէ երրորդ երկրի ռազմակայան տեղակայել: Այսինքն` Հայաստանում ընդդիմության և իշխանության հակապետական միաձուլումը, որ շարունակվում է արդեն մոտ մեկ տարի, կարելի է համարել գրեթե ավարտուն մի գործընթաց, որի խորհրդանիշն էլ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Սրանից հետո դժվար է ասել, թե ով կարող է վիճարկել Հայաստանում նոր որակի ընդդիմության ձևավորման կենսական անհրաժեշտությունը:









































