2011թ. այս օրը ծանր հիվանդությունից հետո (ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ) մահացավ ամերիկացի գործարար, ճարտարագետ, Apple ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսը (Steven Paul Jobs, Steve Jobs):
Ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին` Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը և պատանեկությունը անցել են Փոլ Ջոբսի և Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան։ Դպրոցում հետաքրքրվել է էլեկտրոնիկայով, ծանոթացել Սթիվ Վոզնյակի հետ, որը Apple ընկերությունում դառնում է նրա գործընկերը: Հիմնական նորարարությունների հեղինակը Սթիվեն Վոզնյակն էր, իսկ Ջոբսը զբաղվում էր շուկայով։ Կարծիքներ կան, որ Ջոբսն է համոզել Վոզնյակին ստեղծելու միկրոհամակարգչի սխեմա, որը զարգացման նոր ալիք հաղորդեց անձնական համակարգիչների շուկային։
Առաջին անձնական համակարգիչը, որը նրանք ներկայացրին, Apple 1-ն էր, որը վաճառվեց 666 դոլար 66 ցենտով, որից հետո ստեղծվեց Apple 2-ը։ Այս երկու համակարգիչների շնորհիվ Apple ընկերությունը համակարգիչների շուկայում դարձավ առանցքային դերակատար։ 1980թ. դեկտեմբերին առաջին անգամ վաճառվեցին ընկերության բաժնետոմսերը, և Ջոբսը դարձավ միլիոնատեր: 1980-ականների սկզբին Ջոբսն այն եզակի մարդկանց թվին էր դասվում, որ ուշադրություն էր դարձնում համակարգչի գրաֆիկական ինտերֆեյսին և մկնիկի կոմերցիոն պոտենցիալին։
Տնօրենների խորհրդի հետ պայքարում կորցնելով պաշտոնը` 1985թ. Ջոբսը հեռացավ Apple-ից և հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը, որը մասնագիտանում էր բիզնեսի և բարձրագույն կրթության շուկայում: 1997թ. Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple՝ միավորելով Apple-ը և NeXT-ը։
1986թ. Սթիվը Lucasfilm-ից գնեց The Graphics Group ստուդիան, որը հետագայում վերանվանվեց Pixar: Նա «Ուոլտ Դիսնեյի» տնօրենների խորհրդի անդամ էր։











































