Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կոալիցիայի ուժերի և տեղի իրավապահ կառույցների համատեղ գործողության արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» շարժման գլխավոր դաշտային հրամանատարը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Աֆղանստանում անվտանգության համագործակցության Միջազգային ուժերի (ISAF) հայտարարությունը:
Գործողությունն անցկացվել է Նանգարհար մարզում՝ Քաբուլից 120 կմ արևելք: Խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան:
Բացի այդ, այսօր, ISAF-ի տվյալներով, երկրի հարավում ձերբակալվել է ծայրահեղական շարժման ևս մեկ դաշտային հրամանատար:
Հունիսին Աֆղանստանի կառավարությունը հայտարարել էր, որ ISAF-ի ուժերն անցել են գործողության երրորդ փուլին, որի ընթացքում անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունը կոալիցիայի ուժերից անցնում է Աֆղանստանի բանակին և ոստիկանությանը: Սակայն երկրում բռնության աճը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս՝ արդյո՞ք տեղի ուժային կառույցներն ի վիճակի են կարգ պահպանել ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո:










































