Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Գյուղատնտեսական դաշինք»-ի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Դաշինքն ստեղծվել է 2011 թվականին, միավորելով Հայաստանի գյուղատնտեսության զարգացման հատվածում գործող տեղական և միջազգային 11 կազմակերպությունների և նպատակ ունենալով օժանդակել գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների լուծմանը:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպման նախաձեռնությունը Դաշինքի անդամներինն է եղել, որոնք արձագանքելով վերոհիշյալ խնդիրների լուծման համար նպատակների միասնականացման ու ջանքերի մեկտեղման ՀՀ գյուղատնտեսության նախարարության կոչին, հանդիպման են եկել քննարկելու համագործակցության ձևաչափը և հետագա քայլերը:
«Ոլորտի հիմնահարցերը միասնական մոտեցում և լուծումներ են պահանջում, և գյուղատնտեսության նախարարությունը բաց է համագործակցության համար, որին կարող են անդամակցել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման հարցերով զբաղվող բոլոր շահագրգիռ կողմերը»,- նշել է նախարարը, առաջարկելով նախապատրաստել և վավերացման ներկայացնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Գյուղատնտեսական դաշինք»-ի միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու փոխըմբռման հուշագիրը:











































