Ֆրանսիայի հյուսիս-արևելքում մեղուները սկսել են կապտականաչ երանգի տարօրինակ մեղր արտադրել: ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ` մեղվապահները տագնապ են հայտնել դեռ օգոստոսին: Էլզասում նկատել են, որ մեղրի փոխարեն մեղուներն ինչ-որ բազմագույն զանգված են արտադրել:
Մտահոգված տերերը հետազոտել են և պարզել տեղի ունեցածի «մեղավորին»` Agrivalor ընկերության կենսագազի սարքը, որը վերամշակում է Mars ընկերության М&М’s կոնֆետների արտադրության թափոնները:
Դրանք պահվել են ոչ հերմետիկ բեռնարկղերում, ուր հեշտությամբ ներթափանցել են մեղուները:
Ընկերության մենեջերը հայտարարել է, որ խնդիրը լուծվել է մեղվապահներից բողոքներ ստանալուց կարճ ժամանակ անց: «Մենք հավաքել ենք բոլոր բեռնարկղերը, դրանք փակ տարածքում կպահվեն»,- նշել է նա` ավելացնելով, որ «ընկերությունն անկեղծորեն ցավում է ստեղծված իրավիճակի համար»:
Արտադրանքը, որը գործնականում անհնար է վաճառել, մեծ խնդիր է դարձել տասնյակ տեղացի մեղվաբույծների համար: Անհայտ է նաև` մինչև գալիք տարվա գարուն կապրե՞ն կոնֆետների ներկերը համտեսած մեղուները:











































