Al-Arabiya հեռուստաընկերությունը հրապարակել է իր, այսպես կոչված, բացահայտումների շարքի հերթական «համարը», ըստ որի Սիրիայի պաշտպանության նախարարության ազգությամբ ռուս ռազմական խորհրդական Վլադիմիր Կոժևեի սպանության լուրը իսկապես համապատասխանում է ճշմարտությանը:
Հեռուստաալիքը պնդում է, որ իր տրամադրության տակ ունի այդ տեղեկությունը հաստատող մեծ թվով փաստաթղթեր: Ընդդիմության ներկայացուցիչները լրագրողներին են հանձնել այն փաստաթղթերը, որոնք սպանության պահին եղել են գեներալի մոտ: Դրանց թվում են Սիրիայի իշխանությունների կողմից 2007 թ. խորհրդականին տրված անձը հաստատող փաստաթուղթը: Այն ռուս գեներալին իրավունք էր վերապահում մուտք գործել սիրիական գաղտնի օբյեկտներ: Դրանցից մեկում խնդրանք կա՝ նրան թույլ տալ արձակուրդի մեկնելու Մոսկվա՝ 2011 թ. դեկտեմբերի 11-ից 2012 թ. հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում:
Սիրիացի ընդդիմադիրները հեռուստաալիքին են փոխանցել փամփուշտների տարափի տակ հայտնված մեքենայի լուսանկարը, որում եղել են գեներալը և նրա 3 ուղեկիցները: Հաղորդվում է, որ նրանց մեքենան մի քանի ամիս առաջ Դամասկոսի արվարձանում հայտնվել էր ապստամբների ծուղակում: Գնդակոծությունից հետո սիրիացի զինվորները տարել են ռուս գեներալի մարմինը:
Հիշեցնենք. օգոստոսին Al-Arabiya-ն, վկայակոչելով Սիրիայի ազատ բանակի հայտարարությունը, հայտնել էր, որ սիրիացի ընդդիմադիրները սպանել են ռուս գեներալ Վլադիմիր Կոջիևին (կամ Կոջաև): Դրանից հետո Ռուսաստանի ՊՆ-ն հայտնեց, որ Սիրիայում նման անունով ռուս գեներալ չկա: Ռուսական ԶԼՄ-ները պարզեցին, որ գեներալ-մայոր Վլադիմիր Կուժեևն իսկապես ռազմական խորհրդական է եղել Սիրիայում ՊՆ-ում: Սակայն նրան ուղարկել են պահեստային ծառայության, որից հետո նա այլևս Սիրիայում չի երևացել:
Դրանից հետո գեներալ-մայոր Վլադիմիր Կուժեևը հանդիպեց լրագրողների հետ՝ իր ներկայությամբ ապացուցելով, որ ողջ և առողջ է:










































