Վաղը, ժամը 10:00-ին կմեկնարկի 8-րդ ամենամյա միջազգային ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը` «Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսով: Այն կտևի 3 օր` հոկտեմբերի 5-7-ը, Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան) նորաբաց «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: ԴիջիԹեք 2012 ցուցահանդեսին կմասնակցեն տեղական, կորեական, սինգապուրյան, ռուսական, վրացական, գերմանական, իտալական և ամերիկյան 120 կազմակերպություններ` անցած տարվա 113-ի փոխարեն: Մասնակից ռուսական ընկերություններից են «Laser ITC»-ին` իր հեռահաղորդակցության անլար կապի միջոցներով, և «Ուրարտու Սիսթեմս»-ը, որի գործունեության հիմնական ուղղվածություններն են փորձերի ավտոմատացումը, վիբրաակուստիկայի չափագրումը:
Առաջին անգամ ցուցահանդեսին կմասնակցի իտալական ընկերություն`«ImagingLab»-ը, որը մասնագիտացած է ռոբոտատեխնիկայի և պատկերների մշակման մեջ: Միջոցառման կարևոր ձեռքբերումներից է նաև Կորեայի հանրապետության մասնակցությունը, որի տեխնոլոգիական ձեռքբերումները կներկայացնեն Կորեայի ազգային ՏՀՏ զարգացման գործակալությունը, Առևտրաարդյունաբերական պալատը և այլ կազմակերպություններ: Սինգապուրից այս տարի հանդես կգա «BANSEA» վենչուրային ֆինանսավորման ընկերություն:
Տեղական մասնակից կազմակերպություններից են «Օրանժ Արմենիա», «Մայքրոսոֆթ Հայաստան», «Սինոփսիս Հայաստան», «Յունիքոմփ», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Վիասֆեր Տեխնոպարկ»,
«ԼանԱր Սերվիս», «Գագաթ», «Ալտակոդ», Լիգա-Տեք», «ԿոմպտեքԱրմ», «Ինտերակտիվ TV», «Իքս-Թեք», «Լոկատոր», «Իդրամ», «Աստրոմափս», «Շիրակ Ինֆո», «ԱրթինՎարուժան» և այլն: Բանկային տեխնոլոգիական լուծումներն այցելուներին կներկայացնեն «Յունիբանկը» և «Ինեկոբանկը»:
8-րդ ամենամյա տեխնոլոգիական ԴիջիԹեք ցուցահանդեսին անկալվում է հատկապես այցելուների թվի աճ` ավելի քան 20 հզ. այցելու` 2011 թվականի 18 հզ. փոխարեն: Այցելուների թվի հստակեցման նպատակով այս տարի ևս կկազմակերպվի այցելուների հաշվառում և գրանցում: Գրանցված այցելուները հնարավորություն կստանան մասնակցել խաղարկության:
«Ցուցահանդեսը սկզբնական տարիներին ուներ մեկ կարևոր խնդիր` լինել այդ ոլորտում տարածաշրջանում խոշորագույն ցուցահանդեսը, ինչն արդեն իրականություն է: ԴիջիԹեք տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ցուցահանդեսը հիմա փորձում է ուրիշ առաքելություն հանձն առնել, մասնավորապես` Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի նոր ձեռքբերումները ներկայացնել, տարածել «արտադրված է Հայաստանում» բերնդը»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
«Ուրախալի է նշել, որ ԴիջիԹեքի հեղինակությունը տարեցտարի բարձրանում է, ավելանում են տեղական և արտասահմանյան մասնակիցների և այցելուների քանակը, ցուցահանդեսին մասնակցում են մի շարք համաշխարհային հեղինակություն ունեցող ընկերություններ: «Սա այն ժամանակահատվածն է, երբ «Մայքրոսոֆթը» բավականին մեծաթիվ պրոդուկտներով ներկայանալու է աշխարհին, և ԴիջիԹեքը մի յուրահատուկ հնարավորություն է ցուցադրելու Մայքրոսոֆթի ամենաարդիական ծրագրային փաթեթները, ենթակառուցվածքային լուծումներ և այլն»,-նշեց «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
«ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Ի-Դի-Էմ-Սի» ծրագիրն աջակցում է ցուցահանդեսի իրականացմանը՝ նպատակ ունենալով օժանդակել ՏՏ ոլորտի ասոցիացիաներին և նորաստեղծ ընկերություններին ներկայացնելու իրենց ծրագրային լուծումները՝ դրանով իսկ նպաստելով ՏՏ և այլ ոլորտների միջև երկխոսության կայացմանը», – նշեց ծրագրի ղեկավարի պաշտոնակատար Գայանե Դալլաքյանը:
Ցուցահանդեսին կից կանցկացվեն հետևյալ միջոցառումները.
* The World of Engineering (ճարտարագիտական նորարարական լուծումների ցուցադրություն) – «Ճարտարագիտության աշխարհ» ընդհանուր տաղավարով հանդես կգան շուրջ 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում: «Ճարտարագիտության աշխարհը» ներառում է ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները:
* ԴիջիԼայֆ սեմինարներ – սեմինարների շարք «տեխնոլոգիաների կիրառումն առօրյա բիզնեսում»
* DigiTec Startup հատված– Ցուցահանդեսի շրջանակում խրախուսվել է տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ, ինչպես նաև դեղագործության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտների համար թվային նորարար լուծումներ առաջարկող ընկերություններին` նրանց համար սահմանելով մասնակցության հատուկ պայմաններ: Startup հատվածը ցուցահանդեսում կներկայացնեն 12 նորաստեղծ ընկերություններ:
* Տեխնոլոգիական աշխատանքի տոնավաճառ- Տեխնոլոգիական ոլորտում աշխատել ցանկացողները հնարավորություն կունենան հանդիպել գործատուներին, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող թափուր աշխատատեղերին և ներկայացնել իրենց տվյալները: Մասնակից կազմակերպություններից են` «Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ», «Յունիքոմփ», «Օրանժ Արմենիա», «Սփյուռ», «Մակադամիան» ԷյԱր, «Սորսիո», «ԱյՓիԷսՍի» և այլն:
* ArmRobotics– Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն
* Open Game Contest – «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն:
Ցուցահանդեսի բաժիններն են ՏՏ սարքավորումները և համակարգեր, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումներ, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, նորարարական լուծումներ, ֆինանսական/բանկային լուծումներ, էլեկտրոնային կառավարում և այլն: Ցուցահանդեսի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գլխավոր գործընկերն է ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը, աջակիցը` «Մայքրոսոֆթ Հայաստան» ընկերությունը:












































