2011թ. բյուջեի կատարողականի ընթերցումը ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մի անեկդոտ է հիշեցրել. «Մի մարդ Հանրապետության հրապարակի կենտրոնում կանգնած` ձեռքերով տարօրինակ շարժումներ է անում և ձայներ հանում: Ոստիկանը մոտենում է և հարցնում, թե ինչ է անում: Մարդը պատասխանում է՝ կոկորդիլոսներին եմ քշում: Ոստիկանն ասում է՝ բայց կոկորդիլոսներ չկան: Մարդը պատասխանում է՝ դե, այնքան լավ եմ քշել, որ չկան»:
Այնուհետև Փաշինյանը մեջբերեց բյուջեի կատարողականից մի հատված «Հիգիենիկ և բնակչության բժշկական ապահովում» բաժնից, որում նշված է` ՀՀ-ում չեն արձանագրվել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` խոլերան, բծավոր տիֆը և այլն:
«Այս դարակազմիկ հաջողությունը ՀՀ-ն արձանագրել է կառավարության ջանքերի արդյունքում: Ժողովուրդը պետք է շնորհակալ լինի կառավարությունից»,- նկատեց Ն. Փաշինյանը՝ շեշտելով, որ կառավարությունը փորձել է վիրտուալ հաջողությունների շարադրանք ներկայացնել:
Նրա գնահատմամբ՝ գործող կառավարությունը ոչնչով չի կարող օգնել մեր հիվանդ տնտեսությանը: Օրինակ՝ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարությունը, ըստ բյուջեի, պետք է սկսվեր հունիսի 15-ին, այսօր հոկտեմբերի 4-ն է, բայց ոչ մի աշխատանք չեն սկսել: Պատգամավորը զավեշտական համարեց կառավարության այն պատճառաբանությունը, թե Իրանի շուրջ զարգացումներն են խանգարել դրան: Ընդ որում, այս ժամկետը կառավարությունը նշել էր դրանից 1.5 ամիս առաջ՝ ապրիլին: Ն. Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը չի կարողանում կանխատեսել, թե ինչպես կզարգանա իրադրությունը նույնիսկ այդքան կարճ ժամանակամիջոցի համար:
«Սա տապալված կառավարություն է: Բայց այն վերջին 3-4 ամիսներին չէ, որ տապալվել է, այլ տապալվել և տապալել է ՀՀ տնտեսությունը 5 տարի շարունակ, և այդ ողջ ընթացքում ԲՀԿ-ն կառավարության տապալումների անխոնջ մարտիկն է եղել՝ կոալիցիայում հանդիսանալով դրա հենարանը»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Ըստ նրա՝ բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ամենակարևոր բացահայտումը եղավ այն, որ 2011-ին Հունգարիայում ՀՀ դեսպանի համար բյուջեից միջոցներ չեն ծախսվել: Նա շեշտեց այդ «ի հայտ եկած հրեշավոր փաստը»՝ ՀՀ-ն Հունգարիայում 2011թ.-ին դե ֆակտո դեսպան չի ունեցել` մինչև Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը:
Անդրադառնալով ԱԳ նախարար Նալբանդյանի «Մերսեդես» մեքենային, որը նվիրել էր ինչ-որ գերմանացի, Փաշինյանը տեղեկացրեց, որ փողոցում իրեն մոտեցած մի քաղաքացի հարցրել է՝ գուցե հենց այդ «Մերսեդեսը» նվիրող գերմանացո՞ւն են ընդառաջ գնացել, որ Հունգարիայում այդքան ժամանակ ՀՀ-ն դեսպան չի ունեցել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































