2011 թ. բյուջեի հարկային եկամուտները, այդ թվում՝ սոցիալական վճարները, կազմել են ՀՆԱ-ի 20.4%: Ինչպես այսօր Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ստվերի դեմ պայքարը ՀՀ գերակայությունն է, և հարկերի 0.4% աճը վկայում է, որ անցած տարի «հաջողվել է որոշակիորեն կրճատել ստվերը»:
«Ուղղակի հարկերի տեսակարար կշիռն ավելացել է անուղղակի հարկերի նկատմամբ»,- նկատեց Գ. Մինասյանը:
Բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը 2.8% է եղել 2011-ին, ինչը Մինասյանը «ամենամեծ ձեռքբերում» անվանեց, նշելով, որ 2009-ին այն 7.7% էր, բայց այդ ցուցանիշը երկար ժամանակ պահելը կվտանգեր ՀՀ մակրոտնտեսական կայունությունը:
2011-ին արտաքին պետական պարտքը 3 մլրդ 568 մլն է եղել, կամ ՀՆԱ-ի 34.8%: Ըստ Մինասյանի՝ ՀՀ-ն համարվում է միջին-նվազ բեռ ունեցող երկիր:
«2011 թ. պետական բյուջեն ապահովեց պետության հիմնական գործառույթները»,- նշեց նա և հայտնեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը կողմ է 2011 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության ընդունմանը:









































