Պրահայի Բարձր քիմիա-տեխնոլոգիական դպրոցի գիտնականները ստեղծել են մեթոդ, որով հնարավոր է չափել ոգելից խմիչքներում մեթիլ սպիրտի քանակությունը` առանց շիշը բացելու, փոխանցում է rosbalt.ru-ն:
Ինչպես հայտնել է գիտական խմբի ներկայացուցիչ Միրոսլավա Նովոթան, ում խոսքերը մեջբերում են ինտերնետ-ԶԼՄ-ները, նոր մեթոդը հիմնված է լազերային ճառագայթով շշի ճառագայթման և համակարգչի օգնությամբ այդ ճառագայթի հատվածի ստուգման վրա: «Նոր մեթոդը ստուգման համար 10 անգամ ավելի քիչ ժամանակ է պահանջում և զգալիորեն ավելի էժան է»,- հայտարարել է Նովոթան:
Հիշեցնենք, որ մեթիլ սպիրտի մեծ պարունակությամբ ալկոհոլային խմիչքները շուկա հասնելու հետևանքով սեպտեմբերին Չեխիայում 25 մարդ էր մահացել, մոտ 40-ը տարբեր աստիճանի թունավորումներ էին ստացել: Սեպտեմբերի 15-ին Չեխիայում արգելվել է 20%-ից ավելի թունդ ոգելից խմիչքի վաճառքը, իսկ սեպտեմբերի 19-ին երկրում արգելել են թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը:









































