Սիրիայի հյուսիսում Հալեպ քաղաքում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 48-ի: Ավելի վաղ հաղորդվում էր 40 զոհի մասին: Տարբեր վնասվածքներով վիրավորների թիվը 100 է, հաղորդում է Reuters-ը:
Պաշտոնական տեղեկությունների համաձայն, որը հրապարակել է SANA պետական սիրիական գործակալությունը, պայթյունները լավ ծրագրված ահաբեկչական հարձակման բնույթ ունեին:
Հալեպի կենտրոնական հրապարակում տեղադրված է եղել չորս ական, հինգերորդը` Հին քաղաքի ծայրամասում, որտեղ վերջին օրերին բախումներ են տեղի ունեցել կառավարական ուժերի և ընդդիմության ներկայացուցիչների միջև:
Սիրիական զինվորականների գնահատականով, նման հարձակումը կարող է Հալեպում ապստամբների նոր հարձակման համար սկզբի ազդանշան լինել:









































