Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի գլխավորությամբ հոկտեմբերի 3-ին Գյումրիում կայացել է կառուցվող բազմաբնակարան շենքերի 1756 բնակարաններից նախորդ վիճակահանությունների արդյունքում չբաշխված 18 (15 հատ` մեկ, 1 հատ` 2, 2 հատ` 3 սենյականոց) բնակարանների բաշխման վիճակահանությունը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիճակահանությանը մասնակցել են նախորդ վիճակահանություններին տարբեր պատճառներով չներկայացած ընտանիքները, արդյունքում բոլոր բնակարանները գտան իրենց սեփականատերերին:
Վիճակահանությունից հետո նախարարը ավանդույթի համաձայն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն:
Օրվա ընթացքում նախարարը այցելել է «Մուշ-2» և «Անի» թաղամասեր, որտեղ ընթանում են ավարտական վերջին աշխատանքները:
Ըստ աղբյուրի, Թադևոսյանը շրջել է բակերով, հետևել արտաքին բարեկարգման աշխատանքներին, մեկ առ մեկ այցելել այն բնակարանները, որոնք պատրաստ են հանձնաժողովի կողմից ընդունման:
Հաշվի առնելով առկա թերություններն ու բացթողումները, նախարարը խիստ հանձնարարական է տվել կառուցապատող ընկերությանը և հանձնաժողովին` դրանք վերացնելու` շեշտելով որ հանձնարարականի կատարման ընթացքին վաղն անձամբ է հետևելու:











































