Այսօր արդեն երրորդ անգամ «Դարձ առ գիրք» գրքարվեստի միջազգային 3-րդ փառատոնի հանդիսավոր բացման արարողությունն է տեղի ունեցել:
Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը նշեց, որ այս տարի Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: «Կարծում եմ՝ այս պատվավոր տիտղոսը առիթ է ևս մեկ անգամ արժևորելու մեր անցյալի հոգևոր մշակութային ժառանգությունը»,- ասաց Ռուզան Տոնոյանը՝ հավելելով, որ արդեն երրորդ անգամ անցկացվող գրքի փառատոնը ոչ միայն ավանդական է դարձել, այլ` սպասված և սիրելի շատ ընթերացասերների համար:
Նրա խոսքով՝ գրքի և ընթերցանության շուրջ հասարակությանը համախմբելու մեր ջանքերը մոտ ապագայում իրենց պտուղներն են տալու, քանզի այլընտրանք չկա, և դարձ առ գիրքը անխուսափելի է:
Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը
նշեց, որ փառատոնն ավանդական է դարձել, մեր քաղաքը առանց այս փառատոնի չի կարող անցնել, այն բոլոր սերունդների համար է:
Իսկ գրողների միության նախագահ Լևոն Անանյանն էլ ասաց, որ քարտեզի վրա 200 մայրաքաղաք կա, իսկ այս տարի 12-րդ մայրաքաղաքը մենք ենք, ուրեմն ինչ մեծ պատիվ, ինչ մեծ գնահատական արդարացնելու այս տիտղոսը:







































