ԵԽԽՎ «քաղբանտարկյալ» եզրույթի սահմանումը փակում է ճանապարհը դեպի տարբեր սպեկուլյացիաներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ «քաղբանտարկյալ» եզրույթի սահմանմանը:
Ըստ փաստաբանի՝ հստակ սահմանումը փակում է ճանապարհը դեպի տարբեր սպեկուլյացիաներ: «Հենց մեկին բռնում են, որը որևէ կուսակցությունից է եղել, նա միանգամից սկսում է ասել, որ իր դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում: Մեր քաղբանտարկյալների գերակշռող մեծամասնությունը չի տեղավորվում այս սահմանման մեջ, ավելի շատ սպեկուլյացիաների համար հարմար դիրքորոշում է դարձել քաղբանտարկյալի կեցվածքը, դա շատ է շահարկվում: Արդեն հասարակությունը սովորել է, որ հենց մեկնումեկը երևացող ֆիգուր է` իրեն քաղբանտարկյալ է որակում և տերմինն արժեզրկում է»,- մեկնաբանեց Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն բնորոշել է «քաղբանտարկյալ» տերմինը, որը պետք է հաշվի առնեն Եվրոպայի խորհրդի երկրները քաղաքական գործընթացներում: Քաղաքական բանտարկյալ են համարվում մարդիկ, որոնք զրկված են անձնական ազատությունից, եթե ազատազրկումը կիրառվել է հիմնարար իրավունքներից մեկի խախտման պարագայում, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ու դրան կից արձանագրությամբ: Այդ իրավունքներին են վերաբերում խոսքի, խղճի, հավատի, հավաքների ու միավորումների ազատությունը:
Բացի այդ՝ քաղբանտարկյալ են համարվում նրանք, ում զրկել են ազատությունից «ակնհայտ քաղաքական պատճառներով առանց որևէ իրավախախտման», կամ նրանք, որոնց ազատազրկման վայրերում պահելը իրավաչափ չէ նրանց գործած հանցանքի հետ:
Ընդ որում՝ ահաբեկչության համար դատապարտվածները չեն համարվում քաղբանտարկյալ, եթե դատն անցել է ազգային օրենսդրության ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխան:








































